19/10/2009 13:46
ՖԻԴԵ-ն առաջարկել է երկրորդ մրցաշարն անցկացնել Երևանում
Ինչպես արդեն նշել ենք, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ ՖԻԴԵ-ն որոշում է կայացրել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կազմակերպել Բաքվում, և որ շախմատի համաշխարհային կազմակերպությունն ստիպված է եղել մրցաշարը բաժանել երկու մասի` հաշվի առնելով, որ Լևոն Արոնյանը հրաժարվել է մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից Aysor.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ Լևոն Արոնյանին ոչ ոք չի դիմել, և նրա` Բաքվում խաղալուց հրաժարվելու մասին խոսք չի կարող լինել: ՖԻԴԵ-ն որոշում է կայացրել ինքնուրույն` նկատի ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարաբերությունների լարվածության փաստը: Ըստ այդ որոշման` մրցաշարը կկազմակերպվի երկու երկրում, որոնցից յուրաքանչյուրին կմասնակցեն 4 շախմատիստներ:
Ելնելով ստեղծված իրավիճակից` ՖԻԴԵ-ն հայկական կողմին առաջարկել է երկրորդ քառյակի մրցաշարը կազմակերպել Երևանում: Հայաստանի շախմատի ֆեդերացիան առայժմ կոնկրետ պատասխան չի տվել և քննարկում է այդ առաջարկը: Բացառված չէ, որ որոշում կայացվի` հենց Երևանում կազմակերպելու երկրորդ քառյակի մրցաշարը: