20/10/2009 10:12
«Արմպրոդէքսպո 2009» ցուցահանդեսը կանցկացվի նոյեմբերի 10-13-ը
«Արմպրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսն այս տարի 9-րդ անգամ կանցկացվի նոյեմբերի 10-13-ը ՀՀ Կառավարության նիստերի մեծ դահլիճում:
«Արմպրոդէքսպո 2009» ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը և «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ն:
Ինչպես Aysor-ին հայտնեց «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արմեն Դավթյանը, ցուցահանդեսին մասնակցելու են տեղի և օտարերկրյա շուրջ 65 ձեռնարկություններ. «Դրանցից մոտ 15-ը տարբեր երկրներից են, որոնք հետաքրքրված են Հայաստանի շուկայով»:
Ա. Դավթյանը տեղեկացրեց, որ «Արմպրոդէքսպոյում» այցելուները կտեսնեն Հայաստանի պարենային մթերքների լավագույն ապրանքատեսակները:
«Ներկայացվելու են Հայաստանի պարենային ապրանքներ վերամշակող ձեռնարկությունները` ինչպես խոշոր, այնպես էլ միջին և փոքր բիզնեսը: Ցուցահանդեսի բաժիններն են` գինեգործություն, պահածոյագործություն, մսի, կաթի արդյունաբերություն, սուրճ, չոր մրգեր, ձեթի արտադրություն և այլն», - նշեց Ա. Դավթյանը:
Հավելենք, որ այս տարի «Արմպրոդէքսպո 2009» ցուցահանդեսում համտես չի լինելու, ինչը Ա. Դավթյանը պայմանավորեց «մի շարք հանգամանքներով»: