20/10/2009 13:36
Հրազդանի 5-րդ էներգաբլոկը` «նոու-հաու»
«Հրազդանի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2010 թ. հուլիսին, ինչպես և նախատեսել ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:
«Այն շատ ունիկալ կայան է, որովհետև 300 մեգավատանոց կիսակառույց, հին, սովետական տեխնոլոգիայով բլոկի կողքը կառուցում ենք 180 մեգավատանոց ժամանակակիցը, և այնպես ենք անում, որ նրանք համատեղ աշխատեն: Դա իրականում նոու-հաու է, նման ծրագիր ոչ մեկը չի արել», - հավելեց նա:
Ընկերության ղեկավարի խոսքով, ամբողջ աշխարհում գոյություն ունեն շատ 300 մեգավատանոց բլոկներ, որոնք նման ցանկություն կունենան և փորձի փոխանակումը կլինի և շահավետ, և պատվավոր:
Կ. Կարապետյանը տեղեկացրեց, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ավարտելուց հետո կսկսեն էլեկտրաէներգիայի արտահանումը. «Հենց բլոկը մտնի ցանց` կարտահանենք: Նախնական պայմանվորվածություններ կան, երկրների ցանկը և արտահանման ծավալները կհրապարակենք մոտակա ժամանակներում»:
Հրազդանի 5-րդ էներգաբլոկում մշակվելու է իրանկան գազը: Ներկայումս Հայաստանը ներկրում է 6 մլն խմ գազ Ռուսաստանից, և 1.7 մլն` Իրանից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ամբողջությամբ ավարտվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցման ու արդիականացման ծրագրի նախապատրաստական փուլը և մեկնարկել են աշխատանքները: Ըստ «ՀայՌուսգազարդի» ծրագրի, 2010 թ. Հայաստանի էներգետիկ քարտեզում տեղ կգտնեն 480 մեգավատանոց նոր, արդյունավետ և տարածաշրջանում մրցունակ ջերմաէներգետիկ հզորություններ: Էլեկտրաէներգիայի արտահանումն ընկերությունը դասում է պրոֆիլային գործունեության տեսակներին: