20/10/2009 13:00
«Ատոմակայանը գազի գների հետ որևիցե կապ չունի»
2010 թ-ին 1000 խմ գազի գինը ներկայիս 154-ից կդառնա 180 դոլար: Սա դեռ նախնական պայմանվորվածություն է: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, այս հարցի շուրջ «ՀայՌուսգազարդը» և «Գազպրոմը» դեռ բանակցում են:
«Բանակցությունները շարունակվում են և հետևելով շուկայի արձագանքներին, թե նավթի և գազի գները ինչպիսին կլինեն, հնարավոր են նաև փոփոխություններ, բայց մեր ռազմավարությունը 180 դոլար է լինելու, որը տարածաշրջանում իսկապես լավագույն գինն է լինելու»,- ասաց Կ. Կարապետյանը, միաժամանակ շեշտելով, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանում ձևավորվի այլ մոտեցում. «Մենք` հայերս, անընդհատ պահանջում ենք, որ ամբողջ աշխարհը մեզ վերաբերվի այլ ձևով: Դա անհեռանկարային ու ձանձրացնող պահելաձև է: Պետք է խոսել տնտեսական կատեգորիաներով»:
Կ. Կարապետյանը պնդում է, որ 12 տարվա ընթացքում, ինչ «ՀայՌուսգազարդը» գործում է Հայաստանում, մեր հանրապետությունն ունեցել է առանձնահատուկ գազի գին:
«12 տարվա մեջ Հայաստանը պետք է նախապատրաստվեր, որ ինքը պետք է վերջ ի վերջո անցնի շուկայական հարաբերությունների: Չի կարելի ապրանքը վաճառել ավելի էժան, քան այն գնում են ամբողջ աշխարհում, և մենք պետք է մեր տնտեսությունը պատրաստենք դրան», - կարծում է Կ. Կարապետյանը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը նաև «անլուրջ» անվանեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ռուսական կողմը գազի այս գինը` ենթադրվող 200 դոլարի փոխարեն 180 դոլար սահմանելու համար, նոր ատոմակայանի կառուցումն իրեն հանձնելու երաշխիքներ է պահանջում:
«Ատոմակայանը գազի գների հետ որևիցե կապ չունի», - հավաստիացրեց նա: