21/10/2009 15:15
Ժամանակը... եկել է
«Ներքին աուդիտի ժամանակակից համակարգ ներդնելը հանդիսանում է Հայաստան-Եվրամիություն հարևանության գործողությունների ծրագրի նախապայմաններից մեկը, և վերջերս ԵՄ բյուջետային դեպարտամենտը կատարված բարեփոխումների և համակարգի գնահատում իրականացրեց: Կարելի է ասել, որ գտնվում ենք զարգացման ընդունելի մակարդակում, այսինքն` արված բարեփոխումները տվել են իրենց դրական արդյունքները, ընտրված ուղղությունը ճիշտ է, համապատասխանում է հիմնական միջազգային միտումներին կամ լավագույն փորձին և ժամանակը եկել է, որպեսզի ռազմավարական փուլից անցնենք իրականացման փուլին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը:
Կ. Բրուտյանը ներքին աուդիտի համակարգի ներդրումը մեր երկրում կարևորեց այն տեսակետից, որ դրանով փորձ է արվում չկրկնել այն սխալները, որոնք արդեն իրականացրել են համակարգը ներդրած երկրները, նաև մյուս կողմից` այնպիսի համակարգ ներդնել, որը համարժեք կլինի միջազգային ստանդարտներին և կլինի իրավական` հաշվի առնելով մեր իրականությունը:
Ներքին աուդիտի համակարգի բարեփոխումները Հայստանում սկսվել են 2004 թ-ից, երբ ՀՀ կառավարության կողմից հաստատվեց Ներքին աուդիտի համակարգի ներդրման բարեփոխումների ռազմավարությունը: Դրանցի հետո Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ հաստատվել է «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծը: Ներքին աուդիտը հավաստիացման և խորհրդատվական բնույթի գործառույթ է, որը ղեկավարին աջակցում է բարելավել կազմակերպության գործունեությունը: