Ինչպես տեղեկացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժինը, Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և «Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի» հետ համատեղ ողջունում են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանին կալանքից ազատելու որոշումը։
Վերը նշված կազմակերպությունները ողջունում են Արշալույս Հակոբյանի ազատ արձակումը և շնորհակալություն են հայտնում բոլոր անձանց, կառույցներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Հակոբյանի։
Այս կազմակերպությունները դատապարտում են այն փաստը, որ պրն. Հակոբյանից դեռևս չի հանվել առաջադրված մեղադրանքը և կոչ են անում Հայաստանի իշխանություններին «դադարեցնել Արշալույս Հակոբյանի նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգությունները ՄԱԿ–ի իրավապաշտպանների մասին հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերի համաձայն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16–ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց փոխարինել կալանքը որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությամբ Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ, կազմակերպության ինտերնետային կայքի (www.hahr.am) ֆոտոլրագրող պարոն Արշալույս Հակոբյանի նկատմամբ, որը 4 ամիս գտնվել էր նախնական կալանքի տակ։ Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, իսկ դատաքննությունը հետաձգվեց՝ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու հիմնավորմամբ։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: