21/10/2009 18:00
Իսմեթ Իլմազ. Դուք ներողություն խնդրեք, մենք կմտածենք
Անկարայում Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի փոխնախարար Իսմեթ Իլմազի հետ հանդիպման ժամանակ վերջինս կիտրոնի ջուր ցողեց հայ լրագրողների ձեռքերին, ապա սեղմեց բոլորի ձեռքերն ու ասաց. «Ցանկանում եմ, որ «Սարի գելիմը»-ը միասին երգենք»:
«Սարի գելիմ»-ը Թուրքիայում և Ադրբեջանում շատ տարածված երգ է, որտեղ գելիմը` հարսը, հայ կրոնավորի աղջիկ է, ում մասին և երգում է սիրահարված և մերժված թուրք տղան:
Պարոն Իլմազն այս ամենն ասաց, որպեսզի պատճառաբանի, թե ինչու՞ Է կողմ հայ-թուրքական սահմանի բացմանը: Նա նշեց, որ արձանագրությունների վավերացումից հետո իրենց նախարարությունը` իր ղեկավարությամբ, կզբաղվի արխիվների վերծանմամբ:
«Ո՞վ չի ցանկանում ավելի լավ երկրում ապրել: Ցանկանում եմ ասել, որ պետք է ամեն ինչ անել, որ խաղաղ երկրում ապրենք, որպեսզի մեր սերունդներն էլ խաղաղ ապրեն: Դրա համար կարևոր են արձանագրություններն ու դրանց վավերացումը»,- հայտարարեց փոխնախարարը:
Նա նաև խնդրեց պատկերացնել, որ անընդհատ ասում են, թե հարևանդ քեզ դեմ է, ու դու դեռ չես խոսել հարևանիդ հետ, ուստի մտածում ես, թե նա վատն է: Իլմազը վստահություն հայտնեց, որ երբ ինքդ ես խոսում հարևանիդ հետ, հավանականությունը, որ կհասկանաս հարևանիդ լավ լինելը` ավելի մեծ է:
«Երբ խոսում ենք կռիվներից, չի նշանակում, թե ավելի շատ մարդ սպանածը հաղթող կողմն է: Երկու կողմն էլ պարտվում է, եթե հաշվում է զոհերի թիվը: Դրա համար բոլոր զոհերի ու մանրամասների մասին պետք է խոսես հարևանիդ հետ, բայց չհաշվես դրանք»,- նշեց Իսմիթ Իլմազը:
Հարցին, թե ինչպես չհաշվել սպանվածներին, այն էլ 1.5 մլն, նա պատասխանեց, թե եթե 5 հայ և թուրք խառնենք իրար, չենք կարող ասել, թե ով է հայ, ով` թուրք, բայց ասաց, թե ինքն էլ է վատ զգում պատմության համար: Միևնույն ժամանակ հարցրեց, թե ինչպես կարող է հավատալ հայկական կողմի հայտարարած 1.5 մլն զոհերին, երբ իրեն սովորեցրել են, թե հայերն ու թուրքերը 1915թ.-ին սպանել են միմյանց:
«Օսմանյան կայսրությունն ամենամեծ կայսրություններից էր: Ես էլ եմ ցանկանում հասկանալ, թե ինչու են հայերին տեղափոխել այլ վայրեր կայսրությունից, քանի որ լավ մարդիկ էին հայերը, ու որ կարևորն է` հավատարիմ էին: Ես քննադատում եմ այն, որ մեր նախնիները հայերին տեղափոխել են: Բայց այսօր կարևորն այն է, որ լավ երկրներ թողնենք մեր սերունդներին»,- ասաց Իլմազը:
Նա նաև փորձեց համոզել, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերն էլ բազմաթիվ թուրքերի են սպանել, և նրա խոսքերով, նույնն է, թե Թուրքիան այսօր Հայաստանից պահանջի ներողություն խնդրել: Սրան ի պատասխան, հայ լրագրողները խնդրեցին փոխնախարարին մի պահ պատկերացնել, թե հայկական կողմը թուրքական մի քանի հարյուր զոհերի համար, որոնք եղել են ինքնապաշտպանության ժամանակ, ներողություն խնդրեց, փոխարենը Թուրքիան պատրա՞ստ է ներողություն խնդրել 1.5 մլն հայ զոհերի համար:
«Հայկական կողմի ներողությունից հետո, հուսամ, որ այո»,- եղավ Իսմեթ Իլմազի պատասխանը: