22/10/2009 09:44
Իտալիա-Ռուսաստան-Թուրքիա. քննարկվում է «Հարավային հոսք»-ը
Այսօր` Սանկտ-Պետերբուրգում Իտալիայի, Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները համատեղ կքննարկեն «Հարավային հոսք» գազատարի շինարարությանն առնչվող մի շարք հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ հանդիպման ժամանակ:
«Վաղը, երեքով` այդ թվում նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, քննարկման հնարավորություն կունենանք (Aysor` «Հարավային հոսք» գազատարի նախագիծը)», - հայտնել է Վլադիմիր Պուտինը և նշել, որ ներկայումս Ռուսաստանը այս ծրագրի շրջանակներում համագործակցում է իտալական Eni ընկերության հետ:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» նախագծի արժեքը 25 մլրդ եվրո է, գազամուղի տարեկան թողունակությունը` 63 մլրդ խ/մ: «Հարավային հոսքը» Նովոռոսիյսկից անցնելու է Սև ծովով` դեպի բուլղարական Վառնա նավահանգիստ: Այնհուհետև, ճյուղավորվելով 2 մասի, գազամուղը կհասնի Իտալիա և Ավստրիա:
Վլադիմիր Պուտինը իր իտալացի պաշտոնակցին նաև հայտնել է, որ ՌԴ-ն այժմ աշխատում է նաև այլ եռակողմ նախագծերի ուղղությամբ` մասնավորապես, հիշատակելով «Հյուսիսային հոսք» գազամուղի նախագիծը: