22/10/2009 12:02
30 մարզիչ-մանկավարժներ ստացան ՄՕԿ-ի հավաստագրեր
Հոկտեմբերի 12-20-ին Երևանում, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում, ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի թենիսի մասնագետների համար անցկացվեց մարզչական դասընթաց: Գործնական և տեսական պարապմունքները «Մասթեր կլաս» թենիսի ակումբում վարեց մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հանձնաժողովի նախագահ Պյոտր Յունիերզսկին (Լեհաստան): Դասընթացին մասնակցեցին Երևանի, Գյումրիի և Վանաձորի 30 մարզիչ-մանկավարժներ: Նրանք ստացան միջազգային օլիմպիական կոմիտեի հավաստագրեր:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության թղթակցի հետ զրույցում Յունիերզսկին նշել է, որ մեր երկրում հեռանկարային շատ մարզիկներ կան, ովքեր, սակայն, մրցափորձի պակաս ունեն: Նա պատրաստ է անձամբ աջակցել, որպեսզի թենիսի միջազգային ֆեդերացիան առաջիկայում կրկին նման միջոցառում կազմակերպի:
Ավելացնենք, որ ծրագրի ղեկավարը ՀԱՕԿ-ի բաժնի վարիչ Ռոբերտ Ջանիբեկյանն է: