22/10/2009 18:20
Թուրքիայում սպասում են, բայց չեն հաշվում հայերին` անգամ աշնանը
Անթալիա և Ստամբուլ. թուրքական այս քաղաքներն են, հիմնականում, հետաքրքրում այս երկիր այցելող զբոսաշրջիկներին: Տարեկան 26 մլն զբոսաշրջիկ ընդունող Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի հարցերով փոխնախարար Իսմեթ Իլմազը մեզ հետ զրույցում այն համոզմունքը հայտնեց, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, այս 26 մլն զբոսաշրջիկներից շատերն օրվա մեջ կարող են նաև Հայաստան այցելել:
«Սահմանի բացումով օրական տուրիզմի զարգացում կարող ենք արձանագրել Հայաստանի համար: Մենք կցանկանանք ավելի շատ գործ անել այդ առումով, քանի որ դա խաղաղության ճանապարհ է: Երբ մարդիկ գնան հարևան երկիր ու իրար տեսնեն, կհամոզվեն, թե որքան նման ենք Հայաստանի հետ»,- ասաց փոխնախարար Իլմազը` հավելելով, թե ինքը լավ է հիշում, որ Թուրքիայի ամենաշատ այցելվող վայրերից մեկը` Դոլմա Բաղչեն հայերն են կառուցել:
Նա զարմացավ, որ զարմացանք, թե ինչո՞վ են հայերն ու թուրքերն իրար նման, մանավանդ, որ թուրքերի խղճին է մնացել 1.5 մլն սպանված հայ:
Իսմեթ Իլմազն ասաց, որ երկար ժամանակ հայ ժողովուրդն Օսմանյան կայսրությանը հավատարիմ է եղել, ապրել է խաղաղ, և դա հիմք է տվել փոխնախարարին մտածել, որ հայն ու թուրքը նման են:
«Հիմա Վրաստանն ու Սիրիան տուրիստներ են ուղարկում Թուրքիա, որպեսզի այստեղից գնան այլ երկրներ, եթե սահմանը բաց լինի, նրանք կարող են Թուրքիայից անցնել Հայաստան, հետո գնալ այլ երկիր»,- այժմ էլ այսպես Ի. Իլմազը բացատրեց, թե ինչու՞ է շահագրգռված սահմանի բացմամբ:
Մշակույթի և տուրիզմի հարցերով նախարարությունում ասում են, որ սիրում են հայերին, բայց թե տերական քանի՞ զբոսաշրջիկ հայ է այցելում Թուրքիա, չեն հաշվել:
«Թիվ չկա, թե քանի հայ է այցելում Թուրքիա, որովհետև ձեր համար Հայաստանից եկածների թիվը կարող է մեծ երևալ, քանի որ քիչ բնակչություն ունեք, բայց մեր բնակչության և տուրիստների այցելության առումով շատ քիչ թիվ է: Մենք հաշվում ենք միայն ավելի մեծ թվերը»,- նշեց Իլմազը:
Նա հայտնեց, որ ոչ պաշտոնական տվյալներով 50 հազարի մոտ հայաստանցի է գալիս Թուրքիա, բայց` աշխատելու նպատակով:
Թուրքիայում հայ զբոսաշրջիկների մասին հաշվարկներ չկան` իրենց համար քիչ թվով պայմանավորված, Հայաստանում նման հաշվարկ ևս չկա` ֆինանսական պայմաններից ելնելով:
«Թիվ հստակ չունենք, որովհետև արտագնա տուրիզմի վրա չենք կենտրոնացել: Մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե քանի՞ երկրից եկան մեր երկիր, որովհետև այդքան գումար չենք ծասխի, որ հաշվենք, թե Հայաստանից քանի հոգի մեկնեց այլ երկիր: Իտալիա գնացողների թիվը դեռ կարելի է ճշտել դեսպանատան միջոցով, Թուրքիայի հետ չունենք հարաբերություններ, չենք կարող տվյալ իմանալ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
ՀՀ-ում գործող տուրիստական ընկերությունների մեծ մասը ևս չի կոնկրետանում հաշվարկների վրա: Այստեղ նշում են, որ թիվը շատ է տատանվում, բայց, օրինակ, գործակալություններից մեկում ներկայացրին, որ 2008-ին Հայաստանից Թուրքիա է մեկնել 8 հազար հայ զբոսաշրջիկ: Այստեղ նաև նշեցին, որ 15 օրյա հանգիստն Անթալիայում կազմում է շուրջ 700 ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է Ծաղկաձորում կամ Ջերմուկում հանգստանալուն:
«Մարդիկ էլ նախընտրում են փոխել օդն ու գնալ այլ երկիր այդ գնով, քան մնալ Հայաստանում»,- ասաց գործակալության աշխատակիցը:
Սակայն նա նաև նկատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի վերսկսումից հետո ավելի քիչ թվով հայեր են մեկնել Թուրիքա: Ֆինանսական ճգնաժամով բացատրելու փորձն էլ անիմաստ էր, քանի որ աշխատակցի խոսքերով, 2008-ին ճգնաժամը ևս առկա էր, բայց մարդիկ գնում էին Թուրքիա` հանգստանալու:
Մարդկանց մի մասն, իրոք, դեմ է հայ-թուրքական ցանկացած հարաբերության, չի օգտվում թուրքական ապրանքներից, ուր մնաց գնա Թուրքիայում հանգստանալու: Մյուս մասն էլ, հատկապես երիտասարդների շրջանում, դեմ է սահմանի բացմանը, բայց «էժան որ լինի, լավ էլ կհանգստանանք Անթալիայում» գաղափարախոսությամբ:
Նշենք, որ, օրինակ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների 62.2 %-ը ծագումով հայ է, իսկ Թուրքիա ամենից շատ այցելում են գերմանացիները` տարեկան ավելի քան 3 մլն և անգլիացիները` 2 մլն քիչ պակաս: