23/10/2009 15:51
Վաղը կանցկացվի Հայաստան-Սփյուռք տնտեսական համաժողովը
Հոկտեմբերի 24-ին «Պանարմենիան Էքսպո-2009» ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստան-Սփյուռք գործարար համաժողովը, որի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 15 պետություններից ներկայացուցիչներ: Գործարարներ են հրավիրված ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Հնդկաստանից, Իրանից, Եվրոպայի մի շարք երկրներից:
«Գործարարները համաժողովի ընթացքում կծանոթանան Հայաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակին, ներդրումային դաշտին, ապա կլոր սեղանների միջոցով կփորձեն նաև գործարարների հետ աշխատել, որպեսզի կարողանանք մեր նպատակին հասնել` լուծել արտահանման խնդիր»,- այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Նշենք, որ Հայաստան-Սփյուռք տնտեսական համաժողովը, որը հիմնադրվել է դեռևս 1999 թ., մայր հայրենիքը Սփյուռքին կապող տնտեսական կամուրջներից մեկն է: 3 տարի անց, 2-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպվեց «Պանարմենիան-2003» ցուցահանդեսը, որը դարձավ ավանդական: 2006 թ-ին հիմնական միջոցառումն արդեն «Պանարմենիան Էքսպո» ցուցահանդեսն էր, որի շրջանակներում էլ անցկացվեց տնտեսական համաժողովը: