23/10/2009 10:15
Վերականգնվող էներգետիկա. հարևաններից լավ վիճակում ենք
Հայաստանը, չունենալով սեփական վառելիքային ռեսուրսներ, լիովին կախվածության մեջ է վառելիքի ներմուծումից և պարտադրված է առավելագույնս արդյունավետ տնօրինել առկա էներգետիկ միջոցները: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը որդեգրել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների ռազմավարական գերակայությունը և նշված ոլորտներում ներդրումների խթանման քաղաքականությունը:
Թե մեր երկրում այժմ վերականգնվող էներգետիկայի ոլորոտում ի՞նչ իրավիճակ է տիրում, Aysor-ի խնդրանքով պարզաբանեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ ծրագրի ղեկավար Արա Մարջանյանը.
«Եթե համեմատենք մեր անմիջական հարևանների հետ, ապա իրավիճակը վատ չէ. Հայաստանն այս պահին, փաստորեն, միակ երկիրն է Կովկասում, որտեղ գործում է հողմակայան` Պուշկինի լեռնանցքում գտնվող Լոռի-1-ը, բացի այդ, Հայաստանում` Լուսակերտում գործում է Կովկասում առաջին կենսազանգվածային էլեկտրակայանը, անցած 4 տարիների ընթացքում Հայաստանում կառուցվեցին և հիմա շահագործվում են 55-56 ՓՀԷԿ-եր», - նշեց Ա. Մարջանյանը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում գործում են նաև մի շարք օրենսդրական նորմեր, որոնք ապահովում են ոլորտի զարգացումը: Մասնավորապես, վերականգնվող էներգետիկայից ստացվող էլեկտրաէներգիայի առքը համակարգի կողմից երաշխավորված է օրենքի ուժով: Այսինքն, ապահովված է շուկայական սպառումը:
«Իսկ եթե հարցը դիտարկենք եվրոպական տեսանկյունից, ապա երկիրը զարգանալու լուրջ հեռանկարներ ունի և մի քանի քայլեր պետք է անհապաղ արվեն. շատ կարևոր է, որ Հայաստանում ներմուծվի արեգակնային էկետրականության համար սակագին, շատ կարևոր է, որ մեծ թափով զարգանա կենսազանգվածից շարժիչային վառելիքի արտադրությունը, ինչպես նաև շատ կարևոր է որակյալ կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրը»,- ասաց Ա. Մարջանյանը:
Հանրապետությունում փոքր հիդրոկայանների զարգացումը փորձագետը հիմնավորեց սակագնի ներմուծմամբ, մինչդեռ, արեգակնային էներգետիկայի պարագայում սակագինը բացակայում է և դրա համար մասնավոր ընկերությունները հետաքրքրված չեն ոլորտ մտնել: Սակագների հիմնումը գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասության ներքո, սակայն դա չի արվում, քանի որ, ըստ Ա. Մարջանյանի, այս պահին արեգակնային մարտկոցներից արտադրված էլեկտրաեներգիան շատ ավելի թանկ է, քան ավանդաբար եղանակով արտադրված էլեկտրաէներգիան:
«Ինքնարժեքը մոտ 2 անգամ թանկ է, քան հիդրոկայանի կամ հողմակայանի դեպքում, և պահի դրությամբ դա հիմնավոր փաստարկ է: Սակայն, բանն այն է, որ նախ այս պահին արեգակնային էներգետիկան աշխարհում ամենաարագ էժանացող տեխնոլոգիան է, և մեր սակագներում, համաձայն մեր քաղաքկանության, պետք է հաշվի առնվի որոշակի խրախուսիչ բաղադրիչ, որովհետև մեր քաղաքականությունն ասում է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն, որը պետք է արտահայտվի որոշակի խրախուսիչ բաղադրիչով սակագնի մեջ», - նշեց Ա. Մարջանյանը: