23/10/2009 14:46
Բացվեց ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ-2009-ը
Այսօր Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց համահայկական ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ-2009 արդեն ավանդական դարձած ցուցահանդեսը, որին մասնակցում են 150-ից ավելի ընկերություններ, այդ թվում 15-ը` արտասահմանյան (Ռուսաստան, Իրան և այլն):
Ցուցահանդեսի ժամանակ գործում է on-line ռեժիմ, որի շնորհիվ աշխարհի ցանկացած անկյունից գործարարները կարող են կապվել, տեղեկություններ ստանալ և վիդեո-ռեժիմով տեսնել ցուցահանդեսին ներկայացված արտադրանքը:
Ցուցահանդեսի հիմնական ուղղություններն են արդյունաբերությունը, արհեստագործությունը, բազմաբնույթ ծառայությունները, շինարարությունը, ուսուցումը, գյուղատնտեսությունը, հատկապես սննդարդյունաբերությունը և այլն: Այս ցուցահանդեսին արհեստագործությունը ներկայացված է որպես առանձին ճյուղ, քանի որ իր մեջ բիզնեսից բացի ներառում է նաև ազգային գործոնը, որն, իր հերթին, հետաքրքրում է Սփյուռքի ներկայացուցիչներին:
Ցուցահանդեսի բացման արարողությունը կատարեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետև կառավարական պատվիրակությունը շրջեց տաղավարներով:
Ի դեպ, նախքան ցուցահանդեսի բացումը մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ. Տ. Սարգսյանն անձամբ փորձարկեց հայ-բելառուսական արտադրության տրակտորը, սակայն ճանապարհի նեղ լինելու պատճառով, չկարողացավ շրջադարձ կատարել և մեքենան բախվեց երկաթյա ձողին: