23/10/2009 14:25
ՀՀ ոստիկանության համակարգում բարեփոխումներ կիրականացվեն
Հայաստանի ոստիկանության համակարգում եվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումներ կիրականացվեն:
Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` հոկտեմբերի 23-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է բարեփոխումների ծրագիրը հաստատման ներկայացնել քառամսյա ժամկետում:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշել է, որ բարեփոխումները ենթադրում են ոստիկանական կառույցների կատարելագործում, ոստիկանության և հասարակության միջև վստահության մթնոլորտի հետագա կատարելագործում, հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանության գործին հասարակության ներգրավում, օրենսդրական և կիրառական բնույթի այլ բարեփոխումների իրականացում:
Կարևորելով ոստիկանության համակարգում բարեփոխումները` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է այս ոլորտում Հայաստանի օրենսդրության` եվրոպական չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունը, ոստիկանության համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումները, մասնավորապես` անձնագրային նոր համակարգի ներդրումը կենսաչափական տվյալների հիման վրա, թրաֆիքինգի, ապօրինի զենք-զինամթերքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խորացումը, ինչպես և կրթական նոր համակարգի ներդրումը եվրոպական չափանիշներով ու մեթոդներով կադրերի պատրաստման ու վերապատրաստման նպատակով: Աշխատանքային խմբում ներգրավված են ոչ միայն Հայաստանի շահագրգիռ կառույցների, այլև ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: