23/10/2009 12:25
Հայաստանը` մաքսային բարեփոխումների ցուցադրական երկիր
«Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել մաքսային բարեփոխումների ցուցադրական երկիր», -այս մասին հայտնեց երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրան` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով, անցած տարվանից Հայաստանում սկսված մաքսային ռազմավարական բարեփոխումների ծրագրի շնորհիվ, Հայաստանը բարձր գնահատականի է արժանացել ինչպես Համաշխարհային մաքսային կազմակերպության, այնպես էլ` Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից: Ըստ վերջինիս 2009թ հրապարարկած «Doing Business» զեկույցի, Հայաստանը, 174 եկրների շարքում, մաքսային համակարգում իր դիրքերը բարելավել է միանգամից 34 կետով:
Կ.Միկուրան ընդգծեց, որ Հայաստանն արդեն իսկ համաշխարհային մաքսային ընթացակարգերի մերձեցման ճանապարհին է, որտեղ մեծապես կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը:
«Ես եկել եմ տեղում ծանոթանալու տարվող բարեփոխումների ընթացքին և հասկանալու, թե ինչպես մենք կարող ենք օժանդակել այդ զարգացումներին»,- ասաց ՀՄԿ գլխավոր քարտուղարը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ նկատեց, որ մաքսային ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագիրն իրականացվում է ՀՄԿ-ի «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում:
Գ.Խաչատրյանի խոսքերով, երկամյա այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրագործվել են այն դրույթները, որոնք ֆիանանսական միջոցներ չեն նախատեսում` հիմանկանում օրենսդարական բարեփոխումները: Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսներ պահանջող կողմին, ապա դրա իրագործումը մեծապես կախված է ինչպես ՀՄԿ-ի, այնպես էլ` ՄՖԿ-ի աջակցություններից:
ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը նշեց, որ մաքսակետերում և մաքսատներում առանց ժամանակակից սարքավորումների, դժվար է պատկերացնել միջազգային չափանիշներին համապատասխան գործող մաքսային համակարգ: