24/10/2009 13:47
Հայաստան-Սփյուռք տնտեսական համաժողովը մեկնարկեց
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք տնտեսական երրորդ համաժողովը, որն անց է կացվում «Պանարմենիան Էքսպո-2009» ցուցահանդեսի շրջանակներում:
«Առանձին պետություններ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու յուրովի ծրագրեր են ընդունում, բայց այն չի կարող հաղթահարվել միայն առանձին մեկ պետությունում վերցրած: Դրա համար անհրաժեշտ են համայն մարդկության համատեղ ուժերը: Այս ցուցահանդեսը և համաժողովը միայն մեկ քայլ են հանդիսանում ճգնաժամի հաղթահարման գործընթացում` գործարարին օգնելու և նոր շուկաներ գտնելու ուղղությամբ»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, նշելով, որ հետաքրքրությունը ցուցահանդեսի և համաժողովի նկատմամբ շատ մեծ է` միայն on-line ռեժիմում շուրջ 15 հզ. այցելուներ են գրանցվել 1 օրում:
Համաժողովի ընթացքում Զարգացման հայակական գործակալության արտահանման խթանման բաժնի պետ Ս. Ամատունին ներկայացրեց ՀՀ տնտեսական վիճակը և ներդրումային միջավայրը, Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը նեկայացրեց Հայաստանի միջազգային մրցունակության դիրքը, ելույթով հանդես եկավ նաև ՌԴ Սոչի քաղաքի պատվիրակության ներկայացուցիչը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 15 պետություններից ներկայացուցիչներ` Ռուսաստանից, Թայլանդից, Կանադայից, Հնդկաստանից, Իրանից, Եվրոպայի մի շարք երկրներից:
Համաժողովից հետո նախատեսվում են կլոր սեղաններ, որոնց ժամանակ կքննարկվեն կոնկրետ ծրագրեր:
Նշենք, որ Հայաստան-Սփյուռք տնտեսական համաժողովը, որը հիմնադրվել է դեռևս 1999 թ., Մայր հայրենիքը Սփյուռքին կապող տնտեսական կամուրջներից մեկն է: 3 տարի անց, 2-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպվեց «Պանարմենիան-2003» ցուցահանդեսը, որը դարձավ ավանդական: 2006 թ-ին հիմնական միջոցառումն արդեն «Պանարմենիան Էքսպո» ցուցահանդեսն էր, որի շրջանակներում էլ անցկացվեց տնտեսական համաժողովը: