24/10/2009 09:45
Հայաստանի գյուղացին նախընտրում է չինական տրակտորները
2009 թ. օգոստոսի սկզբներին Բելառուսի «Բաբռուսկի» մեքենաշինական գործարանի, որն արտադրում է փոքր կլասի «MTZ Բելառուս» մակնիշի տրակտորներ, և Վանաձորի «ՉինՎան» (նախկինում «Էլեկտրո») ձեռնարկության միջև ստորագրվել էր Հայաստանում «Բելառուս» տրակտորների հավաքման և վաճառքի մասին համագործակցության մտադրությունների համաձայնագիր: Նախատեսվում է Բելառուսից ներկրել տրակտորների պահեստամասերը և այստեղ հավաքել` ստեղծելով համատեղ ձեռնարկություն:
Առայժմ Բելառուսից 4 հատ տրակտորների պահեստամասեր են բերվել և արտադրություն կազմակերպվել: Ինչպես Aysor-ին հայտնեց «ՉինՎան» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Նաջարյանը, հետագա արտադրության ծավալները կախված են վաճառքից: Բելառուսական տրակտորներն արժեն 2 հզ-ից մինչև 25 հզ. դոլար:
Այն հարցին, թե արդյո՞ք բելառուսական տրոկտորը ավելի հարգի է հայ գյուղացու մոտ, քան` չինականը, Ս. Նաջարյանը պատասխանեց. «Ոչ: Չինականը և էժան է, և որակով: Հիմա արդեն գների ու որակի հետ կապված ավելի շատ գերադասում են չինականը: Բելառուսական տրակտորի շարժիչի հզորությունը 36 ձիաուժ է, չինական տրակտորինը` 65, բայց համարյա նույն գինն է»:
Ս. Նաջարյանը հայտնեց նաև, որ 2003 թ-ից ի վեր հավաքվել և վաճառվել է շուրջ 300 չինական տրակտոր: