26/10/2009 14:19
Հայաստանը կմասնակցի Թբիլիսիում ԻՏՏ ամենամյա Միջոցառմանը
Հայաստանյան 10 ՏՀՏ ընկերություններ կմասնակցեն սույն թվականի հոկտեմբերի 29-30 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառմանը: Մասնակից ընկերությունների թվին են պատկանում E-dram, CHS Verisel Service, Strategic Partners, E-works, Spyur, Lime Tech, Margasoft Corp, IDS Design and Technologies, Grant Thornton Amyot, Macadamian AR: Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/` USAID/CAPS-ի օժանդակությամբ:
«Համագործակցություն նորարարության և մրցունակության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությանն ու մրցունակությանը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը: Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունը: