26/10/2009 19:54
«Եթե սահմանը բացվի առանց Ադրբեջանի, թուրք ժողովուրդը չի հասկանա»
Էյուփ Ջանը թուրքական «Հյուրիեթ» թերթի թողարկող-խմբագիրն ու տնտեսական էջերի պատասխանատուն, ով հավաստիացրեց, որ իրեն պատահած ամեն երկրորդ մարդ այս օրերին միայն մեկ հարց է ուղղում. «Կբացվի՞ հայ-թուրքական սահմանը»:
Հայ լրագրողներս էլ բացառություն չէինք Էյուփ Ջանի համար, պարզապես հարցի էությունն էր այլ` արդյոք հայ-թուրքական հարաբերություններում, ըստ թուրք խմբագրի, Արցախի հարց դրվա՞ծ է, թե՞ ոչ:
«Եթե նայենք քաղաքական գործիչներին, ամեն մեկը մի պատասխան կտա` իր դիտակետից: Երբ հարցնեք ձերոնց` կասեն նման հարց չկա, մերոնց հարցնես, կասեն` լավ էլ Լեռնային Ղարաբաղի հարց կա: Էրդողանն էլ ասում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում եթե չլինի` Ղարաբաղի հարցի շուրջ, սահմանները չեն բացվի»,- եղավ «Յուրիեթի» թողարկող-խմբագրի պատասխանը:
Նա խոստովանեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ինքն իրեն շատ է տվել այդ հարցը, ասաց, որ յուրաքանչյուրս էլ մեր կառավարությունն ու երկրի շահն ենք ներկայացնում, ուստի Ջանի պատկերացմամբ, Հայաստանը ոչ մի կոնկրետ կապ չի տեսնում այս երկու խնդիրների միջև այն դեպքում, երբ Թուրքիան է տեսնում:
«Ես հավատում եմ, որ երկու երկրների իշխանությունները խոսել են այս հարցի շուրջ, առանց նախապայմանների` որոշ առաջընթացի եմ հավատում, բայց նրանք կարող են Ղարաբաղի շուրջ բանակցել: Մեկ կամ երկու շրջանների շուրջ կարող են գոնե համաձայնության գալ, հակառակ դեպքում` սահմանը չի բացվի»,- նշեց Էյուփ Ջանը:
Որպես լրագրող` Ջանը հույս հայտնեց ավելի մեծ առաջընթաց տեսնել, բայց նաև վստահ էր, որ 2010 թ.-ի ապրիլի 24-ից հետո միայն Թուրքիայի մեջլիսում կորոշեն` վավերացման հարցը քննարկե՞լ, թե՞ ոչ:
«Եթե Հայաստանը Ղարաբաղի հարցի շուրջ համաձայնության գա, թուրքական կառավարության համար ավելի հեշտ կլինի արձանագրությունները վավերացնել: Ղարաբաղի հարցին երկու կողմն էլ մեծ արժեք է տալիս, ուստի պետք է միասին քննարկել այն: Պետք է հիշենք, որ Թուրքիան իր սահմանը փակեց Ղարաբաղի հարցի հետ կապված, և մինչև այսօր որ փակ է, միայն Ղարաբաղի պատճառով է»,- հայտարարեց Ջանը:
Նա ասաց, թե բարձր է գնահատում Ղարաբաղի հարցում հայկական կողմի քայլերը, սակայն նշեց, որ եթե սահմանը բացվի առանց Ադրբեջանի կարծիքն ու պահանջները հաշվի առնելու, թուրք ժողովրդի համար դա անհասկանալի կլինի:
«Գիտենք, որ Մինսկի խումբն էլ ջանում է այս հարցի լուծմանը հասնել: Նույն ժամանակ է, որ հայ-թուրքական հարաբերություններն էլ սկսվել են, և երկու գործերը պետք է միանան իրար: Մինսկի միջոցով շատ երկրներ սկսեցին տեսնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը պետք է բացվի: Էլ ի՞նչն է խանգարում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարցրերը մեկտեղել»,- զարմանքով հարցրեց Ջանը:
Ջանին որևէ բան բացատրելու հայ լրագրողներիս ջանքերն իզուր էին, նա անընդհատ ասում էր, որ ամենքս մեր երկրի շահերն ենք պաշտպանում:
Մի հարցում ևս Էյուփ Ջանը բարձր գնահատեց Հայաստանի ղեկավարությանը: Այն է` ֆուտոլային դիվանագիտության նախաձեռնումը. «Ֆուտբոլային դիվանագիտությունն էլ մյուս երկրներում շատ գործուն է, կիրառվում է: Երկրներին նման դեպքերն են միացնում իրար. պետք է հիշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև էլ հարաբերությունները վատ էին, բայց երկու երկրներում եղած երկրաշարժները միացրին երկու ժողովուրդներին, և այժմ մենք հույների հետ ամենամտերիմ հարաբերություններն ունենք»: