26/10/2009 13:10
Մեկնարկեց «Թվինինգ» ծրագիրը
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության ներքո իրականացվող ՀՀ ՄԻՊ գրասենյակի և Ֆրանսիայի/Իսպանիայի օմբուդսմենների միջև «Աջակցություն ՀՀ ՄԻՊ գրասենյակին» խորագրով «Թվինինգ» ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը:
«Ծրագրի շրջանակում մենք մշտապես ունենալու ենք ներկայացուցիչներ Ֆրանսիայից և Իսպանիայից, որոնք կօգնեն մեզ հետագա ուսումնասիրությունների ընթացքում: Հիմնական ուղղություններն ինստիտուցիոնալ են, այսինքն` հնարավոր ՄԻՊ գրասենյակի մասնաճյուղերի ստեղծում, մարդկային ռեսուրսների ուսումնասիրություն և իրազեկության բարձրացում», - ասաց ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանը:
«Թվինինգ» ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ ՄԻՊ գրասենյակին նաև տեխնիկական և կազմակերպչական գործառույթներում: Այն նախատեսում է համապատասխանեցնել պաշտպանի աշխատակազմի գործունեությունը մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության միջազգային չափանիշներին:
Սա Եվրոպական հարևանության գործընկերության գործիքի ներքո իրականացվող առաջին ծրագիրն է ՀՀ-ում, ծրագրի բյուջեն կազմում է 1 մլն եվրո, տևողությունը` 18 ամիս է: