26/10/2009 13:47
Հայաստանում սոցապ հատկացումները չեն նվազի
«Միջազգային կազմակերպություններից ՀՀ կառավարության կողմից ստացված վարկային միջոցները սոցիալական վճարումների ապահովմանը չեն ուղղվել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, նշելով, որ բյուջեի այսօրվա կատարողականը թույլ է տալիս, որ կենսաթոշակային ծախսերն իրականցվեն բյուջեի հաշվին:
Ըստ բանախոսի, գլոբալ տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողել ՀՀ տնտեսության, ինչպես նաև բյուջետային մուտքերի վրա, բայց առ այսօր կենսաթոշակների վճարման հետ կապված որևէ լարվածություն Հայաստանում չկա:
«Վարկային միջոցներն ուղղվել են հիմնականում տնտեսության աշխուժացմանը, ինչն արդեն բերել է դրական միտումների՝ տնտեսության անկումը կանգնեցվել է »,-ասաց նա, հույս հայտնելով, որ 2010 թվականին Հայաստանում արդեն կարձանագրվի 1-2 տոկոսի տնտեսական աճ:
Վ.Խաչիկայնի խոսքերով՝ տնտեսական ճգնաժամի հետևանքով միայն մի փոփոխություն է կատարվել, այն էլ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված:
«Այդ բարեփոխումներն առնվազն մեկ տարով կհետաձգվեն»,- ասաց նա, հայտնելով, որ կենսաթոշակի ապահովման կուտակային ձևի Հայաստանը ամբողջությամբ կանցնի ոչ թե 2010 թվականի հունվարի 1-ից, այլ՝ 2011-ից:
Ծառայության պետը նաև վստահեցրեց, որ եկող տարվանից կենսաթոշակների և այլ սոցապ հատկացումների նվազում տեղի չի ունենալու, միևնույն ժամանակ չբացառեց որոշ վճարումների աննշան բարձրացումներ: