27/10/2009 13:21
Ադրբեջանում ներկայում 63 քաղաքական բանտարկյալներ կան
Հոկտեմբերի 30-ին նշվող Քաղաքական բանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպություններն այդ երկրում քաղաքական բանտարկյալների թվի վերաբերյալ տարբեր ցուցակներ են ներկայացրել միջազգային կազմակերպություններին:
Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային խմբի ցուցակում քաղաքական բանտարկյալների թվաքանակը նշվել է 27, իսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ֆեդերացիայի ցուցակում` 66 հոգի: Երկու կազմակերպությունների ցուցակներում միայն 17 հոգու անուններն են համապատասխանում:
17 հոգուց 2-ը «Մուսավաթ» կուսակցության անդամ Մեհդի Հուսեյնլին և Սաքիթ Զահիդովն (Միրզա Սաքիթ) են, ովքեր արդեն ազատության մեջ են: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ֆեդերացիայի ցուցակում նշված Նովրուզալի Մամեդովն էլ օգոստոսի 17-ին բանտում մահացել է, հայտնում է Մուսավաթ.կոմ-ը:
Այսպիսով, ներկայում Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցուցակով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թվաքանակը հաշվվում է 63 հոգի, իսկ Իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային խմբի ցուցակով` 25 հոգի, որոնցից միայն 15-ի անուններն են համընկնում:
Երկու կազմակերպությունները չեն կարողանում միասնական ցուցակ ներկայացնել միջազգային կազմակերպություններին այն պատճառով, որ մոնիտորինգային խումբը ֆեդերացիայից պահանջում է հանել լեզգիների «Սադվալ» կազմակերպության անդամներին, իսկ վերջինս էլ համարում է, որ մոնիտորինգային խմբի ցուցակում նշված 10 քաղբանտարկյալները պետք է ներկայացվեն իրենց ցուցակով: