27/10/2009 13:00
Վարդան Իսրայելյան. «Մխիթարյանի մասին լուրերը ճիշտ չեն»
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ, համաձայն sportal.bg կայքի տարածած տեղեկատվության, Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ձմռանը կարող է տեղափոխվել Սոֆիայի ԲԿՄԱ, քանի որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, իբր, պատկանում են Կիևի «Դինամոյին»: «Մետալուրգի» պաշտոնական կայքում իրավիճակի մանրամասն մեկնաբանությամբ հանդես է եկել դոնեցկյան ակումբի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը:
«Այդ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հենրիխ Մխիթարյանը 2009 թ. հունիսին երեք տարով լիարժեք պայմանագիր է ստորագրել «Մետալուրգի» հետ, և նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են դոնեցկյան ակումբին: Ավելին` ոչ մեր ակումբը, ոչ անձամբ Հենրիխ Մխիթարյանը երբեք չեն շփվել Սոֆիայի ԲԿՄԱ-ի ներկայացուցիչների հետ, չեն քննարկել որևէ թեմա, առավել ևս` նրա հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Ասեմ ավելին. Մխիթարյանի հնարավոր տեղափոխության վերաբերյալ ոչ մեկի հետ չենք շփվի, հատկապես` բուլղարական ԲԿՄԱ-ի ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Վարդան Իսրայելյանը: