27/10/2009 16:45
Միասեռականները Հայաստանում իրենց լավ են զգում
Հոգեբան Սվետլաննա Հարությունյանն այն տեսակետը հայտնեց, որ առ այսօր չկա վերջնական պատասխան, թե ի վերջո որտեղի՞ց են եկել և ո՞ւր են գնում համասեռամոլները:
«Մի քանի տարբերակ կա, թե որտեղի՞ց է առաջանում հոմոսեքսուալիզմը: Ներարգանդային զարգացման երրորդ ամսից արձանագրվող խախտման հետևանքով կարող է լինել, կարող է` մասկուլին և ֆեմինին տարրերի ուժգնությունն է տարբեր, կարող է դերի յուրացում լինել, ասենք` գենդերային կառույցներն ասում են, որ երեխաները կարող են յուրացնել ցանկացած դեր, քանի որ սեռը միայն դերակատարում է»,- հայտնեց Հարությունյանը:
Հոգեբանի խոսքերով, առաջին հերթին պետք է փորձել հասկանալ, թե տվյալ մարդու մոտ որտեղի՞ց է առաջանում համասեռամոլությունը, և միգուցե նա իրեն լա՞վ է զգում այդ կարգավիճակում:
«Եթե մարդն իրեն լավ է զգում միասեռականի դերում, ի՞նչ կարիք կա մարդուն ասել, թե դու հիվանդ ես»,- հարցրեց Սվետլաննա Հարությունյանը:
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ ասաց, որ Հայաստանում միասեռականի դերում և’ լավ զգացողը, և’ անհարմար զգացողը որպես կանոն դիմում է բժշկի:
«Իրականում իրեն լավ զգացող մարդը դիմելու կարիք չունի, նա ապրում է իր կյանքով, սակայան մեզ մոտ դիմում է բժշկի միջանձնային սեռական հարաբերությունների հետ կապված: Իրեն այդ վիճակում վատ զգացող մարդը դիմում է` բուժվելու նպատակով»,- տեղեկացրեց Շահրամանյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում շատ են իրենց միասեռականի կարգավիճակում լավ զգացող մարդիկ, իսկ հիվանդությունների դասակարգումից այսօր արդեն հոմոսեքսուալիզմը դուրս է մղվել: Միայն այն դեպքում, երբ անձը դժգոհ է իր այդ վիճակից, այն կարող է համարվել հիվանդություն և նշանակվել համապատասխան բուժում: