28/10/2009 14:24
Ֆինանսների նախարար. «Մինչև տարեվերջ անկումը կմոտենա 15 %-ի»
ՀՀ պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է Ազգային Ժողով և այս ուրբաթ օրվանից կսկսվեն քննարկումները:
«Բյուջեն իրատեսական է և ունի բավականին լուրջ հիմքեր, որպեսզի կարողանանք վստահ համոզված լինել, որ ներկայացված նախագիծն իրոք կիրականացվի հաջորդ տարվա ընթացքում», - այսօր ասուլիսում վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նա բավականին բարձր ցուցանիշ անվանեց այս տարվա բյուջեի ծախսերով նախատեսված 945 մլրդ դրամի ծախսը, և հավաստեց, որ նույնիսկ հաշվի չառնելով տնտեսական ճգնաժամը, այդ ծախսերի մակարդակը փորձ է արվելու պահպանել նաև հաջորդ տարի` եթե ոչ ամբողջ ծավալով, ապա նախատեսվել է 900 մլրդ-ից ավելի: Տ. Դավթյանը հիշեցրեց, որ այս տարվա համար եկամուտները կասեցվել էին 130 մլրդով, իսկ ծախսերը ` 93 մլրդով, որից հետո լրացուցիչ ծախսեր նախատեսվեցին, մասնավորապես, աղետի գոտու համար` մոտ 24 մլրդ, ավելացված արժեքի վերադարձի համար` մոտ 15 մլրդ, և այլն:
Տ. Դավթյանը նշեց, որ այս տարվա ընթացքում ծախսերը կկատարվեն նվազագույնը 90 %-ով և հավելեց, որ տնտեսության զարգացման վրա էական նշանակություն չունեցող ծախսերը չեն վերականգնվելու: Դրա փոխարեն ավելացել են այն ծախսերը, որոնք տնտեսության վրա էական ազդեցություն են ունենում` արտահանման ուղղությամբ, աղետի գոտում և այլն:
«Այսինքն, կառուցվածքային առումով ծախսերը որոշակի փոփոխության ենթարկվեցին և ավելի արդյունավետ ազդեցին տնտեսության վրա», - ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ դեֆիցիտի ֆինանսավորման բոլոր աղբյուրներն այս պահին կան և խնդիրներ չկան. «Նույնիսկ ավել ռեսուրսների հնարավորություններ ունենք»: Բյուջեի դեֆիցիտի կեսը փակվելու է ներքին, կեսը` արտաքին աղբյուրներով:
«Հաջորդ տարվա դեֆիցիտը, որ նախատեսված է 183 մլրդ դրամ, կլինի զգալիորեն ավելի փոքր, քան այս տարի, իսկ առաջիկա տարիներին կվերականգնվի այն մակարդակը, որ կար սովորական տարիներին` մինչև 3 %»,- հավաստեց նախարարը:
Անդրարդառնալով տնտեսության անկման կանխատեսումներին, Տ. Դավթյանը նշեց, որ 18.5 %-ից անկումը մինչև տարեվերջ պետք է մոտենա 15 %-ի, եթե ներկայիս կայունացման միտումները շարունակվեն: Նման կանխատեսումներ են անում նաև միջազգային կառույցները: Տ. Դավթյանի գնահատականով, հաջորդ տարին կլինի տնտեսության վերականգնման փուլ, որը շատ երկար կտևի: