28/10/2009 10:01
Եվրամիությունը հետևում է Վահագն Չախալյանի դատավարությանը
Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին դիմել էր նամակով Եվրամիության Արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին` Եվրամիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:
Ինչպես հայտնում են «Երկիր» Հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների միությունից, տիկին Ֆեռերո-Վալդները հոկտեմբերի 7-ին հղած իր պատասխան նամակում նշել է, որ Եվրամիությունը Վրաստանում իր ներկայացչության միջոցով հետևում է Չախալյանի դատավարությանը:
Ստորև ներկայացնում ենք պատասխան նամակի հայերեն թարգմանությունը` կատարված «Երկիր» միության կողմից:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմին
Բրյուսել, հոկտեմբերի 7, 2009թ.
«Տիկին,
Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի փոքրամասնությունների կացության վերաբերյալ սեպտեմբերի 15-ի Ձեր նամակի համար: Հավաստիացնում եմ, որ այն արժանացել է իմ լրջագույն ուշադրությանը:
Ինչպես Դուք գիտեք` հավակնոտ նպատակներ են համաձայնեցված Եվրամիության և Վրաստանի` որպես Եվրամիության հարևանության ծրագրի մասնակից-պետության միջև, որոնք հիմնված են կիսվող արժեքների վրա: Այդ նպատակները ձևակերպված են Գործողության ծրագրի շրջանակներում Վրաստանի կողմից ստանձնած հատուկ պարտավորությունների տեսքով, որոնք ներառում են ժողովրդավարական հաստատությունների գործելը, օրենքի գերակայության հաստատումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:
Գործողության ծրագրում անդրադարձ կա նաև փոքրամասնությունների կացությանը: Վրաստանի կողմից նշված բնագավառում ստանձնած պարտավորությունները ներառում են էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին և անվտանգության, նրանց ունեցվածքի վերադարձմանն առնչվող հարցերը, նաև Տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուների եվրոպական խարտիայի ստորագրումն ու վավերացումը: Այս բոլոր թեմաները քննարկվում են Վրաստանի հետ մեր կանոնավոր քաղաքական երկխոսության ընթացքում և ենթակա են պարբերական վերստուգման տարեկան ընթացիկ զեկույցներում, որոնք մենք հրատարակում ենք Եվրամիության հարևանության ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկրի վերաբերյալ:
Բացի դրանից, վերջերս Արևելյան հարևանության ծրագրի ուժի մեջ մտնելը ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմանի հարթություններում` էլ ավելի մեծ կարևորորություն է տալու Վրաստանի հետ քաղաքական երկխոսությանը: Մենք չենք բաց թողնում որևէ հնարավորություն հիշեցնելու վրացական իշխանություններին այս ծարգրի և բազմախոհության, ժողովրդավարության և փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքի բնագավառներում հետագա առաջընթացի միջև գոյություն ունեցող ուղղակի կապի մասին: Ավելին, Եվրամիության հետ հարաբերություններում Վրաստանի հավակնությունների մակարդակը կախված է լինելու իր համապատասխան քաղաքականության և գործելակերպի մեջ այդ արժեքների ներմուծումից:
Ուզում եմ նաև Ձեզ հայտնել, որ 2008-2010 թթ. Վրաստանին հատկացված համապատասխան ֆինանսական օգնությունը ուղեկցվում է վրացական կառավարության կողմից ժողովրդավարության, օրենքի գերակայության և արդարադատության անկախության բնագավառում նորացված պարտավորությունների ստանձմամբ: Մենք մեծ լրջությամբ ենք վերաբերվում այդ հարցերին:
Ինչ վերաբերվում է իրավական համակարգին, պետք է Ձեզ հայտնեմ, որ ես մեծ կարևորություն եմ տալիս ծրագրին, որն իրականացվում է մեր ֆինանսական աջակցությամբ: Այն նպատակ ունի առավել թափանցիկ դարձնել արդարադատությունը, ներառյալ` քրեական իրավունքի բնագավառում բարեփոխումների իրականացման և Հանրային պաշտպանի գրասենյակի ամրապնդման միջոցով:
Պրն Չախալյանի ընթացող դատավարության առնչությամբ ես ուրախ եմ հայտնել Ձեզ, որ Թբիլիսիում մեր ներկայացչության փութաջան աշխատանքի շնորհիվ մենք հետևում ենք դրա շուրջ ընթացող բոլոր զարգացումներին: Ներկայացչությունը օպերատիվ կերպով հետևում է այդ դատավարությանը` Նախագահող երկրի և Եվրամիության անդամ-երկրների դեսպանությունների հետ սերտ համագործակցությամբ:
Տիկին, խնդրում եմ ընդունել իմ հարգանքներիս հավաստիքը,
Բենիտա Ֆեռերո-Վալդներ»