29/10/2009 14:58
Ադրբեջանցի շախմատիստների ապտակը ադրբեջանական ԶԼՄ-ներին
Ադրբեջանական լրատվամիջոցները զարմացած են, որ սերբական Նովի Սադում տեղի ունեցած Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի և Ադրբեջանի շախմատիստները հրաժարվել են մեկնաբանել մրցակցության ընթացքը: Եթե ադրբեջանցիներին կարելի է հասկանալ, քանի որ նրանք պարտվել են կարևոր խաղում, ապա, ըստ ադրբեջանցի լրագրողների, անբացատրելի է հայ գրոսմայստերների պահվածքը, քանի որ նրանք հաղթել էին և հանգիստ կարող էին խոսել այդ մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, սխալ եզրակացություն են կատարում: Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես էին նրանք Թեյմուր Ռաջաբովի հետ հարցազրույցի տեքստում չասված մտքեր ավելացնում` բոլոր հայերին որպես թշնամի ընկալելու և այլնի վերաբերյալ: Դա տեղի է ունեցել տարիներ առաջ, ինչի պատճառով Թեյմուր Ռաջաբովը հայտնվեց համաշխարհային մամուլի կոշտ քննադատության տակ: Արդյունքում պարզվեց ադրբեջանցի լրագրողների պրոֆեսիոնալիզմի աստիճանը, և հայ շախմատիստներն իրենց քայլով սոսկ գնահատել են նրանց աշխատանքի որակը:
Բայց կարևորն այն է, որ ադրբեջանական մամուլն ապտակ է ստացել հենց այդ երկրի շախմատիստների կողմից: Բնականաբար, Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո, առավել ևս, որ պարտվել են, նրանք չեն ցանկանում, որ քաղաքական հողի վրա իրենց խոսքերը կրկին աղավաղվեն, և արդյունքում նոր ու ոչնչով չարդարացված խնդիրներ ծագեն:
Հիշեցնենք, որ Թեյմուր Ռաջաբովը ժամանակին ներողություն է խնդրել Լևոն Արոնյանից` շեշտելով, որ ինքը թշնամական հայտարարություն չի արել: Բայց դա նույնիսկ չփրկեց նրան, քանի որ պարտավոր էր հանդես գալ ադրբեջանական մամուլում և ներողություն խնդրել: Այդ քայլը, բնականաբար, Ռաջաբովի հնարավորությունների սահմաններում չէր, և ամեն ինչ ավարտվեց նրանով, որ տարբեր մրցաշարերի ընթացքում մեր շախմատիստները նրան պարզապես չեն նկատում: Չեն նկատում, իհարկե, նաև ադրբեջանցի լրագրողներին…