30/10/2009 16:31
«Արմթեքին» կմասնակցի նաև վարչապետ Տ. Սարգսյանը
«Հանրապետության վարչապետը մասնակցելու է «Արմթեք» համաժողովին և ամբողջ ընթացքում լինելու է Սիլիկոնյան հովտում»,- հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ «Արմթեք 2009»-ը համաժողովը տեղի է ունենալու նոյեմբեր 5-8-ը ԱՄՆ Կալիֆորնիայի Սիլիկոնյան հովտում: Համաժողովի կազմակերպիչն են ՀՀ Կառավարությունը և «Սինոփսիս» ընկերությունը:
Ն. Երիցյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը շատ մեծ ոգևորվածություն է առաջացրել և էապես ավելացրել է մասնակցությունը:
«Դրանով տալիս ենք ուղերձը, որ մենք իսկապես ուզում ենք օգտվել համաշխարհային ճգնաժամից և ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ` համագործակցելով և մեզ գործընկեր դարձնելով բոլոր կարող ուժերին, որոնք մեր տնտեսությունը կօգնեն տեղափոխել տեխնոլոգիական մեկ այլ մակարդակ, որն ավելի մրցունակ կդարձնի մեր երկիրն ու մեր տնտեսությունը»,- մանրամասնեց Ն. Երիցյանը:
Նախարարի խոսքերով, այն ռեսուրսը, որն «Արմթեք»-ի շրջանակներում արդեն իսկ ձեռք է բերվել, ապացույց է, որ «այս գաղափարն աշխատող է և դրան հավատում են բավականին շատ մարդիկ»: