30/10/2009 20:35
Բուրսա. Aysor-ի թղթակցի «ոչ բարոյական» հաղթանակը
Նախքան ֆուտբոլը.
Բուրսա ժամանեցինք նավով: Ստամբուլ-Բուրսա 2 ժամ տևողությամբ նավային ճամփորդության ընթացքում միակ թեման ֆուտբոլն էր: Երեկոյան կայանալիք Թուրքիա-Հայաստան խաղի հաշիվն էինք փորձում գուշակել:
5:0, 3:0-ն ամենափոքր թվերն էին, բայց մի հույս ունեինք, որ գոնե մեկ գոլ մերոնք խփեն Թուրքիայի դարպասին:
Աթաթուրքի անվան մարզադաշտ հասնելուն պես` տեսանք այնտեղ հավաքված երիտասարդ երկրպագուներին, ովքեր գոռում-գոչյուններով դիմավորեցին լրագրողներին:
Նրանք չգիտեին, որ Հայաստանից ենք, պարզապես նկատել էին լրագրողական սարքերը: Այդ երիտասարդներին հրաժարվել էին տոմսեր հատկացնել: Մի քանի րոպե հնարավորություն ունեցանք շփվել նրանց հետ, այնուհետև մեզ ուղեկցեցին մարզադաշտի հարևանությամբ գտնվող սրճարան:
Զարմանալին այն էր, որ ճանապարհի ողջ երկայնքով վաճառվում էին թուրքական դրոշներ, իսկ հայկական դրոշները, ինչպես մեզ ասաց վաճառողներից մեկը, վաղուց արդեն վաճառվել էին: Ընդ որում, թուրքական դրոշն արժեր ընդամենը 1.5 ԱՄՆ դոլար այն դեպքում, երբ հայկականը վաճառվել էր 20 ԱՄՆ դոլարով:
Ֆուտբոլի ընթացքում.
Հայ լրագրողների պատվիրակությանը ջերմորեն ընդունեց անվտանգության աշխատակազմը, ապա նաև տրիբունա առաջնորդող երիտասարդները, նրանք անգամ կատակներ էին անում, թե սիրում են հայկական ֆուտբոլը` մանավանդ թուրքական դաշտում:
Հայ և թուրք լրագրողներս իրար կողքի էինք նստել. նախքան մարզադաշտ գալը հասցրել էինք ծանոթանալ ոմանց հետ, մեր շարքերում էին նաև Գերմանիայից, Անգլիայից և Շվեյցարիայից ժամանած լրագրողները:
Ամենուրեք թուրքական դրոշներ, ինչպես նաև, միայն իմ հաշվարկով ու տեսածով` 6 ադրբեջանական դրոշ: Հայ երկրպագուները մարզադաշտում ընդամենը 96 հոգի էին: Նրանք Ստամբուլից էին ժամանել, և հրավիրատոմսեր էին ստացել դեռևս մի քանի օր առաջ, ունեին միայն մեկ հայկական դրոշ: Հայ երկրպագուների շարքում էին նաև Հրանտ Դինքի գործով փաստաբան Ֆետիե Չեթինը, նրա ընկերուհիներն ու մի քանի բարեկամներ:
Լրագրողների և երկրպագուների տրիբունաներն իրարից առանձնացված էին մետաղյա ճաղերով, ընդ որում, լրագրողների տրիբունայի երկու կողմերում էլ թուրք երկրպագուներն էին, իսկ հայկական պատվիրակության տրիբունան քիչ ավելի հեռվում էր:
Խաղը սկսվեց ճիշտ ժամին, և լրագրողներս թաքստոցից հանեցինք մեր դրոշները, թվով 3 հատ: Առաջին իսկ րոպեներից թուրք լրագրողներն ու մեր հարևան տրիբունայի երկրպագուները սկսեցին բողոքել, նրանք արդեն մոռացել էին, որ խաղը դիտելու են եկել: Բանը հասավ նրան, որ անվտանգության աշխատակցին ու «Ֆիֆայի» ներկայացուցչին բերեցին` մեզ հետ հարցերը պարզաբանելու:
Այդ ընթացքում թուրք լրագրողները հասցնում էին ծածանել թուրքական դրոշը, իսկ երբ անվտանգության աշխատակցի ուշադրությունը հրավիրում էինք նրանց վրա, լրագրողներն արագ դրոշները փոխանցում էին երկրպագուներին:
«Ֆիֆայի» ներկայացուցչին խնդրեցինք գրավոր թուղթ ներկայացնել այն մասին, որ իրավունք չունենք կրել հայկական դրոշը, նա էլ, տեսնելով, որ մենք օրենքից համառ ենք, ասաց. «Ես զենքերս վայր եմ դնում»: Ասաց ու գնաց` տեղը զիջելով թուրք անվտանգության աշխատակցին:
Նա մի քանի անգամ փորձեց խլել դրոշը, ապա հանդիպեց ավելի ուժեղ դիմադրության: Որքան մոտենում էր մեզ, այնքան ավելի բարձր էինք ծածանում, և որքան բարձր էինք ծածանում, թուրք երկրպագուներն ավելի մեծ եռանդով էին արևածաղկի մնացորդները նետում մեզ վրա:
Երկրպագուներին թվում էր` առաջին գոլից հետո մեր մեջ կմարի դրոշը ծածանելու ցանկությունը, սակայն պարզվեց (պետք է խոստովանեմ` ինձնից անկախ ստացվեց) անգամ Թուրքիայի հավաքականի երկրորդ գոլից հետո ավելի ուժեղ ենք երկրպագում ու ծածանում դրոշը, որպեսզի կարողանանք 18 հազար թուրք երկրպագուների միջից գոնե մի քանի հոգով լսելի դարձնել «Հայաստանը»:
Առաջին խաղակեսի ավարտից հետո, տենելով, որ մեզ են մոտենում անվտանգության ևս մի քանի աշխատակիցներ, հայկական դրոշը թաքցրի վերնաշապիկիս մեջ ու գնացի զուգարան: 15 րոպե զուգարանում մնալուց հետո, մտածելով, որ երկրորդ խաղակեսն արդեն սկսվել է և բոլորի ուշադրությունը խաղի վրա կլինի, մտա մարզադաշտ: Պարզվեց ոչ բոլորին էր հետաքրքիր Թուրքիա-Հայաստան խաղը:
Առաջին իսկ րոպեներից անվանգության աշխատակիցն ինձ համոզում էր, որ դրոշը չծածանեմ, այլ ուղղակի դնեմ նստարանի վրա: Հարցին, թե ինչպե՞ս կարող եմ իմ երկրի դրոշը ուղղակի դնել նստարանին ու հանգիստ նստել, անվտանգության աշխատակիցն ասաց, որ եթե այդպես չանեմ, խաղից հետո խնդիրներ կունենամ թուրք երկրպագուների հետ, մեր Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան էլ ստիպված կլինի «Ֆիֆային» տուգանք վճարել:
Այդ պահին շատ քիչ էի մտածում, թե ի՞նչ կլինի խաղից հետո և ընդհանրապես չէի մտածում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասին:
Ի վերջո, տեսնելով, որ լրագրողների մեծ մասը դրոշը դրել է նստարանին, խնդրեցի ինձ այնպիսի մի վայր տանել, որտեղ կարող եմ ծածանել դրոշն առանց խնդիրների, հակառակ դեպքում չեմ ենթարկվի նրանց օրենքներին:
Անվտանգության աշխատակիցն իր կիսառուսերեն ու անգլերենախառը թուրքերենով առաջարկեց միանալ Ստամբուլից ժամանած երկրպագուների շարքին, իսկ հանդիմանությանը, թե ի՞նչ վտանգի առաջ եմ կագնում այդ դեպքում, նա անկեղծորեն ասաց. «Թուրք երկրպագուներից ամեն ինչ սպասելի է, բայց, ես թույլ չեմ տա, որ ձեզ հետ մի բան այն չլինի»:
Եվ, իրոք, իմ պահանջով ու գուցե նաև իր ցանկությամբ, թուրք անվտանգության աշխատակիցը համաձայնեց մինչև խաղի վերջը պահպանել իմ անվտանգությունը:
Ես նրան չէի վստահում, բայց առաջին իսկ հարվածներից նա ինձ պահեց: Թուրք երկրպագուները շատ ծանր տարան հայ երկրպագուների շարքը համալրող լրագրողին, սակայն անվանգության աշխատակիցը շշերի տարափն իր գլխին ընդունեց:
Սուլոցներն ու շշերը հետագա 35 րոպեներին ինձ չանհանգստացրին, քանի որ «պահապանս» կես քայլ անգամ չհեռացավ իմ կողքից: Ավելին, նկատելով, որ դրոշն ինձնից ավելի մեծ է, հաճախ էր օգնում, որ միասին ծածանենք դրոշը, ինչի համար մի քանի անգամ էլ արժանացավ իր հայրենակիցների հայհոյանքներին:
Խաղի ավարտից մեկ րոպե առաջ աշխատակիցն ինձ խնդրեց միանալ հայ լրագրողներին: Ես չմերժեցի նրան, միասին միացանք լրագրողներին:
Խաղի ավարտից հետո.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյային հանդիպեցինք: Պարզվեց` նրան հասել է, թե ինչ-որ հայ լրագրող հակադրվել է անվտանգության աշխատակիցներին, իսկ հարցին, թե հնարավո՞ր է այդ լրագրողի պատճառով տուգանվի ֆեդերացիան, Հայրապետյանն ասաց. «Ոչինչ, դուք երկրպագեք, թող ֆեդերացիան էլ տուգանվի, դա խնդիր չէ ֆեդերացիայի համար: Կարևորն այն է, որ հայկական կողմից գոնե նկատելի մարդ է եղել տրիբունայում, թեկուզ և լրագրողների շարքում և մեկ դրոշով»:
Հ.Գ. Բուրսան դեռ երկար կմնա իմ հիշողություններում. Ես սիրեցի այդ փոքրիկ ու հանդարտ քաղաքը, սիրեցի այնտեղ հայկական դրոշ ծածանելն ու հպարտացա հայ լինելուս համար… բազմիցս:
Փառանձեմ Հովհաննիսյան