31/10/2009 11:03
Կաշառք ստանալու համար կալանավորվել է վաշտի հրամանատարը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության ՀԿԱՎ անասնահամաճարակայնության դեմ պայքարի և կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հարություն Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության բաժնից:
Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը հիշյալ վաշտի 1-ին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա.Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար նշանակելու և ոստիկանության սպայի կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար, Ա.Թովմասյանից պահանջել և ստացել է 961.700 դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Գումարը Հ.Հովհաննսիյանին է փոխանցվել 2009 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 10-ի սահմաններում, նշված վարչության վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող Ա. Թովմասյանի աշխատասենյակում, ինչը, օրենքով սահմանված կարգով, ձայնագրառվել է ԱԱԾ մարմինների կողմից:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նախաքննությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է: