31/10/2009 11:51
ՀՀ Նախագահն ընդունել է Ռաֆայել Մարտինետտիին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետտիին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության բաժնից` Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը համագործակցության զարգացման նոր խթան կհանդիսանա:
«Ըմբշամարտը Հայաստանում ավանդաբար հարգված և հաջողության հասած մարզաձևերից մեկն է, որն այսօր էլ բավականաչափ ուշադրության է արժանանում, թեև, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում ևս, մենք, իհարկե, կցանկանայինք շատ ավելի լավ արդյունքներ ունենալ»,- ասել է երկրի ղեկավարը և հավելել. «Այդ է պատճառը, որ մեր ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը, ըմբշամարտի ֆեդերացիայի փորձում են շատ ավելի մեծ ուշադրություն հրավիրել այս մարզաձևին. մենք ցանկանում ենք, որպեսզի ավելի շատ երեխաներ զբաղվեն ըմբշամարտով, բարելավվում ենք պայմանները, ձգտում ենք Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնել, որովհետև այդ ամենն են, որ, ի վերջո, կբերեն լավ արդյունքների»:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը նշել է, որ երեսուն տարուց ավելի զբաղվում է այդ մարզաձևով և մշտապես ուշադրությամբ հետևել է հայ մարզիկներին, ովքեր լուրջ հաջողությունների են հասել, նաև անձամբ ճանաչում է վերջին հայ չեմպիոններին: Ռ. Մարտինետտին ասել է, որ հանդիպումների ընթացքում քննարկել է Երևանում մարզչական դպրոց հիմնելու հարցը, քանի որ Հայաստանը տվել է ըմբշամարտի բազմաթիվ լավ մարզիչներ:
«Այս մարզաձևի ապագան Հայաստանում հուսալի ձեռքերում է»,- ընդգծել է նա:
Քննարկվել է նաև 2010թ. հունահռոմեական ըմբշամարտի համաշխարհային առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է մեր երկրում նման բարձրակարգ մրցաշարի անցկացմամբ և կանի հնարավորն`այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
«Դա տոն կլինի ըմբշամարտի Հայաստանի երկրպագուների, պատանի մարզիկների համար, քանի որ նրանք հնարավորություն կունենա անձամբ տեսնել հայտնի շատ մարզիկների, հետևել նրանց ելույթներին»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Ռաֆայել Մարտինետտին նաև ասել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Լինելով Շվեյցարիայի քաղաքացի, ես ուրախ եմ, որ իմ երկիրը կարողացել է աջակցել այդ գործընթացին»,- ընդգծել է նա: