02/11/2009 11:56
«Վհուկների որս»` ադրբեջանական սուպերմարկետներում
Բաքվի «Դենիզ» սուպերմարկետում Chelton տեսակի հնդկական թեյ է վաճառվել, որի վրա նաև հայերենով է գրություն եղել: Թեյը ռուսաստանյան «Դիալոգտորգ» ընկերության պատվերով արտադրվում և փաթեթավորվում է Շրի-Լանկայում:
Մուսավաթ.com-ի թղթակիցը, առանց պարզաբանելու թեյի արտադրության վայրը կամ, ավելի հավանական է, պարզապես աղմուկ հանելու համար, երկու անգամ նյութ է հրապարակել` այն Հայաստանում արտադրվելու մասին:
Թղթակցի խնդրանքով Ադրբեջանի ստանդարտիզացիայի և պատենտների գծով պետական կոմիտեի մամուլի քարտուղար Ֆազիլ Թալիբլին հայտնել է, որ հայերենով գրություն ունեցող ապրանքների վաճառքն Ադրբեջանում անօրինական է:
«Վերջերս Մասալլիում «Սևան» մակնանշմամբ հայերենով գրություն ունեցող մրգային չիրեր են վաճառել: Կոմիտեն տուգանել է խանութի տիրոջը և վաճառքից հանել այդ ապրանքատեսակը», -ասել է Թալիբլին:
«Ադրբեջան ներկրվող պարենային ապրանքների վրա պետք է անպայման ադրբեջաներենով գրառումներ լինեն` դրանց արտադրման վայրի և կազմության մասին: Հնարավոր է, այդ թեյը Հայաստանում չի արտադրվել, սակայն, հայկական դրոշով և հայերենով գրառում ունեցող ապրանքների ներկրումն Ադրբեջան արգելված է: Ադրբեջանի տարածքում նման ապրանքներ հայտնաբերելու դեպքում, դրանց տարածողների և վաճառողների նկատմամբ կիրառվում է Կարգապահական տույժերի օրենքների ժողովածուն»,- հավելել է նա:
Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ իրենց կոմիտեն Ադրբեջանի տարածքում բոլոր առևտրի կետերում ստուգումներ է անցկացնում` Հայաստանից բերված ապրանքների դեմն առնելու համար:
Այդպիսով, «վհուկների որս»-ի պատճառով Ադրբեջանում կարող են տուժել ցանկացած ապրանքատեսակի տարածողները, անգամ ամենաբարձրակարգ ապրանքների, եթե ապրանքների փաթեթների վրա հայտնաբերվեն հայերեն լեզվով գրություններ: Ադրբեջանական պաշտոնյաները, հավանաբար, նախընտրում են առաջնորդվել այն սկզբունքով, որ «ավելի լավ է ապրանքը լինի ցածրորակ, բայց միայն ոչ հայկական», այն դեպքում , երբ շարքային սպառողների միջև, միևնույն`մուսավաթ. քոմ-ի թղթակցի հավաստմամբ, հայկական մակնանշմամբ ապրանքատեսակներն ունեն մեծ պահանջարկ: