03/11/2009 16:05
Ռաջաբով. «Հայերի հետ խաղում նվազագույն խնդիրը ոչ-ոքին էր, բայց…»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի շախմատի հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Այդ թիմի առաջատար Թեյմուր Ռաջաբովը, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի հավաքականից կրած պարտությանը, նշել է. «Դա որոշակի հանգամանքների հետևանք էր: Հուսեյնովն առավելություն ուներ, կարելի է ասել` այնպիսի դիրքում էր, որ պետք է հաղթեր, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ մի հնարավորություն չուներ: Պարտիաներից հետո նույնիսկ համակարգչով համոզվեցինք դրանում: Հայաստանի հավաքականի հետ խաղում նվազագույն խնդիրը ոչ-ոքին էր: Այդ տուրից հետո ինքս ինձ ասացի, որ այլևս ուշադրություն չեմ դարձնի, թե մրցակիցն ով է, պարզապես խաղալու եմ հաղթելու համար»: