03/11/2009 13:15
ԱՄՀ-ն Հայաստանին 60 մլն դոլար կտրամադրի
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր ավարտեց Պահուստային (ստենդբայ) համաձայնությամբ օժանդակվող ծրագրի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը և հաստատեց 2009 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ բյուջեի մնացորդի կատարողական չափորոշչի չկատարման հետևանքները բացառելու, 2009 թ. դեկտեմբերի վերջի դրությամբ նախատեսվող` քանակական կատարողական չափորոշիչները փոփոխելու (վերանայված մակրոտնտեսական ցուցանիշներն արտացոլելու) և ձեռքբերումների փուլայնությունը վերանայելու (որպեսզի սկզբնական ժամանակացույցի համաձայն երկրորդ և երրորդ ամփոփիչ ստուգումներից հետո հասանելի դառնալիք գումարները տրամադրվեն երկրորդ ամփոփիչ ստուգման ավարտից հետո) մասին միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՀ հայաստանյան գրասենյակը:
Վերոհիշյալ որոշումներից հետո հնարավոր է դարձել անմիջապես տրամադրել 37.72 միլիոն ՓՀԻ (մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար), որի արդյունքում տրամադրված ընդհանուր գումարը հասնում է 301.94 միլիոն ՓՀԻ-ի (մոտ 479 միլիոն ԱՄՆ դոլար): 28-ամսյա Պահուստային համաձայնությունը հաստատվել է 2009 թ. մարտի 6-ին, ընդ որում` հասանելի գումարի չափն ավելացվել է 2009 թ. հունիսի 22-ին:
Հայաստանի վերաբերյալ քննարկումներից հետո Գործադիր խորհրդի Կառավարող տնօրենի տեղակալ և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Տակստոշի Կատոն նշել է.
«Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ծանր ազդեցությունը շարունակվում է: Չնայած որ թողարկման ծավալն ըստ երևույթին կայունանում է, դրամական փոխանցումների անկման և շինարարական ոլորտի փլուզման հետևանքով տնտեսության կրճատումն ավելի ծանր է եղել, իսկ բյուջեի եկամուտները` ավելի ցածր, քան կանխատեսվում էր առաջին ամփոփիչ ստուգման ժամանակ: Իշխանությունները լիովին իրագործել են իրենց տնտեսական ծրագիրը, որով նախատեսվում է հարկաբյուջետային և դրամավարկային պայմանների հետագա մեղմացում և ճկուն փոխարժեքի պահպանում:
Հաշվի առնելով, որ ներքին պահանջարկը նախկինի պես ցածր է, իշխանություններն այս տարի շարունակելու են հարկաբյուջետային ընդլայնումը` եկամուտների բացը լրացնելով արտաքին աղբյուրներից ներգրավվող միջոցներով: Ծախսերն ուղղվելու են հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը, կապիտալ ծախսերի ավելացմանը և սոցիալական ծախսերի պաշտպանությանը: Իշխանությունները հաստատակամ են` 2010 թվականից սկսելու հարկաբյուջետային համախմբումը` նպատակ հետապնդելով ապահովել միջնաժամկետ հատվածում պարտքի կայունությունը: Բյուջետային խթանի կասեցման գործընթացի հարթ իրականացումն ապահովելու համար Ծրագրով թույլատրվում են լրացուցիչ ծախսեր` դոնորներից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դեպքում:
Պայմաններին հարմարվող դրամավարկային քաղաքականությունը շարունակում է մնալ նպատակահարմար ` հաշվի առնելով ցածր գնաճը: Անցումն ավելի ճկուն փոխարժեքի օգնել է Հայաստանին, մասնավորապես` տնտեսությանը հնարավորություն ընձեռելով խուսափել էական գերարժևորումից և բարձրացնելով դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը: Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ դրամավարկային փոխանցումային մեխանիզմը դեռևս թույլ է, առանցքային նշանակություն ունեն վարկավորումը խթանելու նպատակով ներկայումս իրականացվող հասցեական միջոցառումները:
Կարճաժամկետ հեռանկարը նախկինի պես պարունակում է որոշակի մարտահրավերներ: Ակնկալվում է, որ արտաքին պայմանների բարելավմանը զուգընթաց 2010 թվականին աստիճանաբար կվերսկսվի տնտեսական աճը, չնայած որ մնում են ռիսկեր, այդ թվում` համաշխարհային տնտեսության` կանխատեսումներից ավելի դանդաղ վերականգնման ռիսկը: Տնտեսության`միջնաժամկետ հատվածում աճելու ներուժն իրացնելու համար անհրաժեշտ կլինի շարունակել բարեփոխումները, հատկապես հարկային քաղաքականության և հարկային բարեփոխումների վարչարարության բնագավառներում, ֆինանսական հատվածում և գործարարության միջավայրում»: