03/11/2009 12:11
Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Քուվեյթի Պետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն:Սա Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ Նախագահի առաջին պետական այցն է Ծոցի երկիր:
Քուվեյթի միջազգային օդանավակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորի Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ:
Այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի ԱԺ նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիի և վարչապետ Նասսեր ալ-Մոհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ: Նախագահը կհանդիպի նաև Քուվեյթի ներդրումների հաստատության տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին և տնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աբդուլվահաբ Ահմադ ալ-Բադերին:
Օրվա ավարտին կկայանա ՀՀ Նախագահի և Քուվեյթի Էմիրի հանդիպումը, որից հետո Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր: Այնուհետև Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի անունից ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ:
Այցի երկրորդ օրը Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Քուվեյթի գիտական կենտրոն, կհանդիպի Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ալի Մոհամմադ Թհունյան ալ-Ղանիմին:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: