03/11/2009 12:37
Ֆուտբոլիստներին գնդակահարել են սահմանի վրա
Վենեսուելայի ոստիկանությունը հարևան Կոլումբիայի սահմանի վրա հայտնաբերել է 10 մարդու դիակ: Դատելով ամեն ինչից` խոսքը կոլումբիական Լոս Մանիսերոս քաղաքի ֆուտբոլային թիմի մասին է: Նրանք բոլորն էլ երկու շաբաթ առաջ առևանգվել էին հենց մարզադաշտից:
Ինչպես հաղորդում է ամերիկյան ABC հեռուստաալիքը, վենեսուելական ոստիկանությունն առայժմ հրաժարվում է հաստատել, որ սպանվածները հենց առևանգված ֆուտբոլիստներն են: Սակայն Տակիրա նահանգի ղեկավար Լեոմանյո Ֆլորեսը պատմել է, որ խաղացողներից մեկը` 17-ամյա Մանուել Կորտեսը, այնուամենայնիվ, ողջ է և պատմել է ամեն ինչի մասին:
Նրա խոսքերով` արյունոտ հանցագործության հետևում կանգնած է Կոլումբիայի ձախ ծայրահեղական ELN խմբավորումը (Ազգային ազատագրության բանակ), որը ղեկավարում է ինչ-որ «պարտիզան»` «Ծաղրածու» (El Payaso) մականունով:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային մարզադաշտի վրա կատարված հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին: Անհայտ անձինք հենց խաղադաշտից առևանգել են ողջ թիմին, այդ թվում երկու լեգեոներների` Վենեսուելայի և Պերուի քաղաքացիների: Հաղորդվում է, որ նրանք ժամանել են խաղադաշտ և ուժով մրցավարին ստիպել, որպեսզի նա ասի, թե ովքեր են հանդես գալիս «Լոս Մանիսերոս» թիմում: Այնուհետև ֆուտբոլիստները տարվել են անհայտ ուղղությամբ:
Նշենք նաև, որ ոստիկանությանն առայժմ չի հաջողվել բացատրել առևանգման պատճառները: Բացառված չէ, որ ֆուտբոլիստներին ցանկացել են հարկադրել` մտնելու այդ խմբավորման մեջ: Այլ վարկածի համաձայն` ELN-ը այս կերպ ցանկացել է ցուցադրել իր ուժը: Այդ խմբավորման ներկայացուցիչները, ի դեպ, նախկինում «աչքի են ընկել» չարդարացված դաժանությամբ: