03/11/2009 10:33
CTS-2009 զբոսաշրջային ցուցահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 6-7-ը
Նոյեմբերի 6-7-ը Երևանի Մոսկվա կինոթատրոնում կանցկացվի CTS-2009 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի ընթացքում տուրօպերատորները, հյուրանոցները, ռեստորանները և զվարճանքի կենտրոնները կներկայացնեն իրենց հատուկ առաջարկները հայաստանյան և օտարերկրյա տուրօպերատորների ներկայացուցիչներին ու հանրությանը: Մասնակիցներն առիթ կունենան վաճառելու իրենց ապրանքներն ու ծառայությունները պոտենցիալ հաճախորդներին:
«Այս ցուցահանդեսն արդեն ավանդաբար ամեն տարի կազմակերպվում է, և մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը հետզհետե ընդլայնվում է: Մեր նպատակն է, որպեսզի ցուցահանդեսը դառնա միջազգային», - Aysor-ին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Հայաստանի Ճամփորդական գործակալների միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը տեղեկացրեց, որ այս տարի ցուցահանդեսին կմասնակցի մոտ 60-65 ընկերություն, որոնց շուրջ 20 %-ն օտարերկրյա են, մասնավորապես Վրաստանից (9 ընկերություն), Իսրայելից, Հունաստանից, Լեռնային Ղարաբաղից, ճանաչողական այցով տուրօպերատորներ են գալու նաև Բելգիայից և Ֆինլանդիայից:
«Ոլորտի մաքսիմալ ընդգրկվածություն կա. ներկա են զբոսաշրջային ընկերություններ, տուրօպերատորներ և գործակալություններ, հյուրանոցային համալիրներ, ավիաընկերություններ, տուրիզմի ոլորտի ասոցիացիաներ, Հայաստանի գիդերի գիլդիան, Վրաստանի զբոսաշրջային միությունը, Ճամփորդական մամուլը` հիմնականում տեղեկատվական գործակալությունները, տուրիզմի ոլորտի երկու ուսումնական հաստատություններ, ինչպես նաև մի քանի ժամանցային ընկերություններ»,- նշեց Ե. Թանաշյանը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո, ASTA-ի (ASTA-American Society of Travel Agents) մասնակցությամբ: Հիմնական գործընկերներն են USAID CAPS (Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում) ծրագիրը, Հայաստանի Ճամփորդական գործակալների միությունը:
Նշենք, որ CTS զբոսաշրջային ցուցահանդեսն առաջին անգամ տեղի է ունեցել 1999 թ-ին: