05/11/2009 15:10
Կայացել է Հայաստան-ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի նիստը
Ս.թ. նոյեմբերի 3-ին Վաշինգտոնում` ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստան-ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Պատվիրակության կազմում էին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը և այլ պաշտոնատար անձինք:
Ամերիկյան կողմից համանախագահում էր Պետդեպարտամենտի Եվրոպային և Եվրասիային օգնության համակարգող Դանիել Ռոզենբլումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Թինա Քայդենաուն և Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարիա Յովանովիչը:
Հանձնաժողովի նիստին քննարկվել են Հայաստանում գործարարության մթնոլորտի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության և կառավարման համակարգի բարեփոխումներին առնչվող օրակարգային հարցեր: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նշված ոլորտներում ձեռք բերած նվաճումներն ու առաջիկայում ծրագրված միջոցառումները:
Հայկական պատվիրակությունը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Պետդեպարտամենտում, Առևտրի դեպարտամենտում, ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակում, Համաշխարհային բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում:
Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրվել է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որը կխթանի համագործակցությունը երկու երկրների միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինտելեկտուալ սեփականության, հիմնարար գիտությունների ոլորտներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը: