05/11/2009 11:02
«Թուրքիայիում կարևորը դասակարգն է, ոչ թե հայ լինելը»
«Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էսթուքյանը Ստամբուլում հայ լրագրողների հետ հանդիպմանը նախ հիշեցրեց, թե ինչպես ստեղծվեց Ստամբուլ քաղաքը. Մեհմեդ 2-րդ արքան գրավեց Բյուզանդական կայսրության Կոստանդնուպոլիսն ու այն վերանվանեց Ստամբուլ:
Որպեսզի Կոստանդնուպոլսի հույն բնակչության կողքին այլ ազգեր երևան, ինչպես նաև որպեսզի կարողանան օգտվել հայկական ճարտարապետական ուժից, Էսթուքյանի պատմելով, մի խումբ հայերի պատմական հայրենիքից տեղափոխել են Ստամբուլ` ստեղծելով նաև պատրիարքարան:
Ավելի քան 540 տարվա պատմություն ունեցող Ստամբուլի հայկական համայնքը մինչ 1915թ.-ը հոգևոր և մշակութային մեծ զարգացում էր ապրում: Ցեղասպանությունն, Էսթուքյանի խոսքով, շատ ծանր հարված էր Ստամբուլի և մասնավորապես այնտեղ բնակվող հայերի համար. «Շատերն են արտագաղթել այդ շրջանում, բայց միևնույն է, քաղաքը պահպանել է իր հայկականությունը: Ստամբուլը պետք չէ համարել Սփյուռքի կենտրոններից մեկը: Հայկական դրոշմ ու անցյալ ունեցող երևույթ է Ստամբուլը»:
Ստամբուլում բնակվում է ավելի քան 45 հազար հայ, այստեղ են լույս տեսնում հայատառ օրաթերթերը` «Ժամանակն» ու «Մարմարան»:
1915-ից հետո, Բագրատ Էսթուքյանի պատմելով, Թուրքիան 70 տարի շատ ուրախ էր, որ Հայաստանի հետ ուղղակի շփում չկա, հայատյացությունը շատ ընդունելի էր ու նկրտումներ էլ չկային:
«Հայաստանի անկախացումից հետո երկու երկրներն իբրև իրենց առջև դրված իրողություն` դատապարտվեցին շփվելու: Այսօր հայաստանցիները գալիս են Թուրքիա, այստեղից էլ նույն հեշտությամբ մեկնում են Հայաստան: Փոխադարձաբար պատկերացումները երկու ժողովուրդների մեջ փոխվեցին, մարդիկ սկսեցին հասկանալ, որ թուրք կա` հետը կարող ես բարեկամանալ, թուրք էլ կա` հետը չես էլ կարող մի բառ փոխանակել»,- ասաց նա` հավելելով, որ փաստը ստորագրված արձանագրություններն են` «ժողովրդի կամոք, թե առանց դրա»:
Իսկ թե ի՞նչ մտավախություններ ունի «Ակոսի» հայերեն էջերի խմբագիրը հայ-թուրքական արձանագրություններից, Էսթուքյանն ասաց, որ Ղարաբաղի կռիվն Ադրբեջանին չհնազանդվելու խնդիրն է, և այսօր Թուրքիայում այնպես է ներկայացվում, թե Հայաստանն է իբր արշավել Ադրբեջանի վրա: Նա նշեց, որ այս կարծրատիպն ամրապնդելու և պատմության խեղաթյուրման մտավախությունն ունի:
«Բայց հայկական կողմն ասում է, որ Ղարաբաղի հարց օրակարգում դրված չէ, և կարևորը դա է: Պոլսահայերս միշտ դրական ենք նայում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը», - հայտնեց Էսթուքյանը:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության խնդրին, նա նշեց, որ Ցեղասպանության ճանաչման գործն այլևս Թուրքիայի ներքին խնդիրն է, քանի որ թուրքերը խնդիր ունեն իրենց անցյալի հետ. «Թուրք միտքն է այն օրակարգում պահում: Այսօր կան թուրքեր, որոնք տեղյակ են պատմությանը: Սոսկալի հրատարակություն տեղի ունեցավ վերջին տարիներին Թուրքիայում, այսօր տաբուն փուլ եկավ»:
Բագրատ Էսթուքյանը նաև հայտնեց, որ ինքը հազարավոր թուրքերի հետ է շփվել և կարող է ասել, որ թուրքական հասարակությունը պատրաստ է հարաբերվել հայերի հետ, բայց այստեղ էլ, ըստ նրա, խնդիրն այն է, որ այդ հարաբերակցությունը չլինի իրարից հաշիվ պահանջելու քաղաքականություն:
«Այդ հարցերը դեռ պետք է թողնել, ոչ թե ասել, թե մինչև հարցը չլուծվի, չենք խոսի: Եթե երկու գյուղացի այս թեմայով խոսեն, ամեն ինչ ավելի վատ կլինի: Մեկը կասի քո պապը ոճրագործ է, նա էլ կասի` ոճրագործ չէ: Այս թեմայով զրույցները դժվար թե արդյունավետ ընթանան»,- ասաց Էսթուքյանը:
Հայ խմբագրի համար արձանագրություններից մտահոգիչ մի հարց էլ կա. խառն ամուսնությունները: Նա հիշեց, որ իր մանկության տարիներին եթե հանկարծ լսում էին, թե մի հայ աղջիկ թուրքի հետ է ամուսնացել, կամ հակառակը, ամոթանք էր այդ ընտանիքի համար. «Այժմ անգամ պսակի արարողության մեջ խմբագրումներ են եղել, և եկեղեցին դեմ չէ խառն ամուսնություններին: Այսօր Թուրքիայում համար մեկ հարցն է, թե ո՞ր դասակարգին են պատկանում ու կապ չունի հա՞յ ես, թե՞ մեկ այլ ազգից»:
Բագրատ Էսթուքյանը նաև մի օրինակ բերեց արդեն հանդերձյալ կյանքի վերաբերյալ. Ստամբուլում շատերը մահանալուց առաջ կտակ են գրում, որ իրենց գերեզմանին ծաղիկ չդնեն, և այն գումարը, որով պետք է ծաղիկ գնեն, նվիրաբերեն որևէ որբանոցի կամ ծերանոցի: