05/11/2009 14:44
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը բարելավվում է
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Լճաշեն գյուղ: Գյուղի մերձակայքում` Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին երկրի ղեկավարը հետևեց 2.5 կմ ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտնեց, որ այս տարվա համար նախատեսվել էր 1.4 միլիարդ դրամ` ճանապարհների բարդացման, վերանորոգման և հենապատների կառուցման նպատակով:
Ըստ նախարարի, ծրագրով նախատեսված աշխատանքների հիմնական մասը իրականացվել են, մնացել է միայն Լճաշեն գյուղի մոտ գտնվող 2-2.5 հատվածի բարելավման աշխատանքները, որոնք ավարտվելու են մյուս տարվա գարնանը:
Նա նշեց, որ տարվա ընթացքում այդ ճանապարհն ապահովելու է Լճաշենի կապը մյուս համայնքների հետ: Ըստ նախարարի, այդ հատվածի բարեկարգման վրա ծախսվել է արդեն 378 մլն դրամ, նախատեսվում են ևս 592 մլն դրամի աշխատանքներ:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք 2010 թվականի բյուջեով նախատեսված կրճատումներն ազդելու են Սևանա լճի շրջանում ճանապարհաշինության աշխատանքների վրա, Գուրգեն Սարգսյանը պատասխանեց, որ այդպիսի խնդիր չկա, քանի որ ընդհանուր առմամբ ծրագիրը նախատեսում է ճանապարհային ցանցի բարելավում և կատարելագործում մինչև 2030 թվականը:
Նախարարը նշեց, որ այդ ծրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսված է 4.4 միլիարդ դրամ: