05/11/2009 12:48
Միջին ամսական կենսաթոշակների չափը կկազմի 10104 դրամ
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, որ 2010 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախարարության և ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի գծով ընդհանուր գումարը կազմում է 241,27 միլիարդ դրամ, սոցիալական կենսաթոշակներ ծրագրով նախատեսվում է 6,5144 միլիոն դրամի չափով ծախս, կենսաթոշակի հիմնական չափը մնում է անփոփոխ` 8 հազար դրամ:
«Միջին ամսական կենսաթոշակների չափը կկազմի 10104 դրամ, ապահովական կենսաթոշակներ ծրագրով նախատեսվում է 148,0156 միլիոն դրամի չափով ծախս»,- տեղեկացրեց նախարարը:
Գ.Պետրոսյանի հաղորդած տվյալների համաձայն` ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը կկազմի 450 դրամ, աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը` մոտ 26 հազար դրամ: Վետերանների պատվովճարներ ծրագրով նախատեսվում է անփոփոխ թողնել պատվովճարի ամսեկան չափը` 20 հազար դրամ:
Նախարարը նշեց նաև, որ ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնության ծախսը կկազմի շուրջ 31,023 միլիոն դրամ:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ծրագրով կպահպանվի նպաստի ամսեկան չափը` 18 հազար դրամը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ ծրագրով նախատեսվում է պահպանել 2009 թ-ին նախատեսված նպաստի չափերը` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում 50 հազար դրամ, երրորդ և ավելի երեխա ունենալու դեպքում` 430 հազար դրամ:
Նախարարը հայտնեց նաև, որ վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրով նախատեսվում է 689,5 միլիոն դրամի չափով ծախս` մեկ օրվա գումարը կկազմի 2400 դրամ: Գործազրկության նպաստ ծրագրով նախատեսվում է հատկացնել 4,536 միլիոն դրամի չափով ծախս, որի վճարման միջին տարեկան տևողությունը 10 ամիս կլինի, իսկ նպաստի ամսեկան չափը կկազմի 18 հազար դրամ:
«Բժշկասոցիալական վերականգման, անաշխատունակության փորձաքննության ծառայություններ և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ ծրագրով նախատեսվում է համապատասխանաբար 102,5 և 64,8 միլիոն դրամի չափով ծախս»,- նշեց սոցապ նախարարն ու հավելեց, որ պահպանվել է նաև մեկ հիվանդի օրվա բուժման միջին գինը` այն է 11500 դրամ:
Այսպիսով` հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգման տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում ծրագրով նախատեսվումէ 857,5 միլիոն դրամի ծախս` անհրաժեշտ պարագաների թիվը կկազմի 13.631: Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքավորումներով ապահովում ծրագրով նախատեսվումէ 119,2 միլիոն դրամի ծախս, ձեռք կբերվեն 450 սայլակ, 1100 ռուսական արտադրության լսողական սարք և 218 եվրոպական արտադրության լսողական սարք:
Տարեցների շուրջօրյա ծառայություններ ծրագրով նախատեսվում է 1,359 միլիոն դրամի ծախս: Չորս ծերանոցներում խնամվող 1 տարեցի 1 օրվա խնամքի միջին գինը կկազմի այս տարի 3664 դրամ, իսկ սննդի մեկ օրվա միջին գինը 1244 դրամ: Միայնակ տարեցների սոցիալական սպասարկում ծրագրով նախատեսվում է 91 միլիոն դրամի չափով ծախս և սպասարկվելու են 1500 միայնակ տարեցներ ու հաշմանդամներ:
Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ ծրագրով նախատեսվում է 1,681 միլիոն դրամի չափով ծախս, երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ ծրագրով նախատեսվում է 879,3 միլիոն դրամի չափով ծախս: Հաստատություններում խնամվող մեկ երեխայի մեկ օրվա միջին գինը կկազմի 4851 դրամ, իսկ սննդի մեկ օրվա միջին գինը կկազմի 1161 դրամ: