05/11/2009 15:14
«Օրանժ Արմենիա»-ն սկսեց իր գործունեությունը
Ինչպես և խոստացվել էր, ֆրանսիական Օրանժ Արմենա ընկերությունն այսօրվանից Հայաստանում սկսեց ծառայություններ մատուցել: Այսպիսով, շարժական կապի օպերատորների թիվը մեր երկրում ավելացավ ևս մեկով:
«Օրանժ» բրենդի մուտքը, սակայն, ֆրանսիական շքեղությամբ աչքի չընկավ: «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի կիսավերանորոգված և սառը շենքում աշխարհի հեռահաղորդակցության ոլորտի 10 խոշորագույն ընկերություններից մեկի` Ֆրանս Տելեկոմի նախագահ Դիդիե Լումբարը հայտարարեց «Օրանժ Արմենա»-ի գործունեության սկիզբը Հայաստանում:
«Ես վստահ եմ, որ «Օրանժը» Հայաստանում երկար և փայլուն կյանք կունենա: Մեկ տարվա նախապատրաստական ծանր աշխատանքից հետո, մենք բոլոր նախադրյալներն ունենք այստեղ հաջողակ լինելու», - իր բացման խոսքում նշեց Դիդիե Լումբարը` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայաստանի Նախագահին և քաղաքական իշխանություններին:
«Բջջային բիզնեսում մեր տեսլականը հստակ է. մեր նպատակը Հայաստանում բջջային կապի այնպիսի հնարավորություններ ստեղծելն է, որոնք կարող են յուչաքանչյուրի կարիքներին ծառայել»,- ասաց Ֆրանս Տելեկոմի փոխնախագահ Օլաֆ Սուանրին:
Իր հերթին, Օրանժ Արմենիայի գործադիր տնօրեն Բրունո Դյուտուան համոզմունք հայտնեց, որ իրենց առաջարկած ծառայությունները լավագույնս են հարմարեցված հայաստանյան շուկային: