06/11/2009 16:29
Գնում են Արցախ` «ոչ թե թթի օղի խմելու, այլ բանակցելու»
«Մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը նաև Արցախի հիմնախնդիրն է. Արցախի հիմնախնդրում գլխավոր հարցը կարգավիճակի հարցն է»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Է. Շարմազանովը Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացքում «հաջողություն» որակեց Մայնդորֆյան արձանագրությունը: Նա հիշեցրեց, որ արձանագրությամբ «բացառվում է ուժի կիրառումը, մինչդեռ Ադրբեջանը մշտապես խոսում էր ուժի կիրառման, նույնիսկ Արցախի հարցը Մինսկի խմբի համանախագահների շրջանակից դուրս հանելու մասին»:
«Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Այսինքն` Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում, Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն է` իր պետական ինստիտուտներով, ավելի կայացած ու ավելի ժողովրդավար է, քան նույն Ադրբեջանը»,- ընդգծեց Է. Շարմազանովը:
Խմբակցության քարտուղարը խոսեց նաև ԼՂ հակամարտության բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության հարցից: Նա նշեց, որ «ՀՀ ախագահը մշտապես իր ուղերձների ժամանակ ասել է, որ ՀՀ-ն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լուծվել այս խնդիրը»:
«Խնդրի բանալին գտնվում է Ստեփանակերտում, և Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները ևս գնում են Արցախ` ոչ թե թթի օղի խմելու, այլ բանակցելու»,- բացատրեց Է. Շարմազանովն ու միևնույն ժամանակ հավելեց, որ ԼՂՀ-ն բանակցային կողմ կդառնա «այն փուլում, որն ավելի առարկայական կլինի հիմնախնդրի լուծման համար»:
Այս առթիվ նա հիշեցրեց նաև, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ այժմ քննարկվում է ԼՂՀ ժամանակավոր և վերջնական կարգավիակի հարցը, և մեկ այլ խնդիր չի կարող քննարկվել, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ: Ի պատասխան թուրքական կողմի այն հայտարարություններին, թե իբր «հայկական կողմը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի հողերը», Է. Շարմազանովն ընդգծեց, որ այդ մասին խոսելիս «թուրքական կողմը թող նախ հիշի, որ ինքն էլ օկուպացրել է Կիպրոսի տարածքի 37 տոկոսը, այնուհետև հիշի, թե ինչպես է Ադրբեջանն օկուպացրել Լեռնային Ղարաբաղը և պատերազմել ժողովրդի հետ, իսկ ԼՂՀ-ն օգտվել է իր բնականոն իրավունքից` պաշտպանվել է, և այսօր էլ հաջողությամբ զարգանում է»: