06/11/2009 10:41
Թուրքիայի հայեր. ովքե՞ր են նրանք և ի՞նչ խնդիրներ ունեն
«Սուտ է, իմ ազգանունն իմ ստախոսությունն է: Ինձ պես շատ ստախոսներ կան այս քաղաքի մեջ: Բոլորիս ազգանուններն էլ պաշտոնապես «օղլի»-ով է վերջանում: Այդ մենք ենք, որ սուտ տեղը մի հատ էլ «յան»-ով ազգանուն ունենք», - Ստամբուլում հայ լրագրողներին խոստովանեց «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էսթուքյանը:
Նա պատմեց, որ թուրքերն ազգանուն չեն ունեցել, ամեն թուրք իր հոր անունով էր ճանաչվում, և այդ ժամանակ հայերն էլ հայկական ազգանուն էին կրում: 1930-ականներին օրենք ընդունվեց, որով թուրքերը պարտավորվեցին ազգանուն ձեռք բերել, և նրանց հետ նաև հայերին պարտադրեցին թուրքական վերջավորությամբ ազգանուն ունենալ:
Էսթուքյանը նշեց, որ այսօր նոր սերունդը Ստամբուլում արդեն անտարբեր է հայերեն լեզվի հանդեպ, կեսից ավելին անգամ հայախոս չէ ու հայերեն գրել չգիտի:
«Վերջերս ընդունված բան է թրքաշունչ անուններ դնել նորածիններին: Այնպիսի անուններ, որոնք թուրքերի համար էլ դյուրին են ընկալվում», - ասաց Բ. Էսթուքյանը:
Նման անուններից է Արդամը, և Էսթուքյանը նշեց, որ երեխային թուրքական այս անունը դնող ծնողներն իրենց արդարացնում են, թե այն Արտաշեսի կրճատված տարբերակն է. «Իրականում դա սուտ է: Արդամը հենց թուրքի անուն է: Ախմախություն է, իրենք իրենց խաբում են այդպես: Հայախոսությունից են հրաժարվում, ուր մնաց անունները չփոխեն: Հիմա ազատության դաշտ է, և ցավոք, ոչ ոք հայերեն չի խոսում»:
Էսթուքյանը ցավով է նշում, որ Թուրքիայում հայերեն խոսելն արգելող օրենք է պետք, որպեսզի մարդիկ զգան հայերենի քաղցրությունն ու սկսեն հայերեն խոսել:
Ինչ վերաբերում է հայ մարմնավաճառներին Թուրքիայում, Բագրատ Էսթուքյանը գուցե պատվասիրությունից ելնելով, գուցե հենց իրականությունն է այդպիսին, ասաց, որ մարմնավաճառների մասին խոսքերը սուտ են. «Պիտի չառարկեմ, մենք էլ հանդիպել ենք հայ կնոջ, որ մարմնավաճառությամբ է զբաղվում, բայց դա բացառությունից բացառություն է լինում: Այս տպավորությունն ավելի շատ Ստամբուլի համար է, Տրապիզոնի համար նույն բանը չեմ կարող ասել, քանի որ այնտեղ բարքերը մի քիչ այլ են»:
Բագրատ Էսթուքյանը նաև տեղեկացրեց, որ Ստամբուլի հայեր ասելիս պետք է նկատի ունենալ թրքահայերին, որովհետև Թուրքիայի մեջ հայ դիմագիծը պահպանել է միայն Մուսա լեռան Բաքրլու գյուղը:
«Այլ հայկական գյուղեր էլ կարող ենք գտնել, բայց, մոտենալով, կտեսնեք, որ իրականում նրանք ազգուրաց հայեր են, կրոնափոխ են եղել: Ընդ որում ազգուրաց հայերը բոլոր մուսուլմաններից ավելի հավատացյալ են: Հետաքրքիրն այն է, որ այդ հայերի հարևաններն ամեն դեպքում ասում են, որ գյուղերը հայկական են: Մեկ այլ ուղղություն էլ կա, որ հայ են, բայց քրիստոնյա չեն, մուսուլման էլ չեն: Հայեր էլ կան, որ ասորիներ են դարձել: Մենք այսօր լուրջ կորուստների ենք ենթարկվում: Թուրքիայում մենք քարոզիչների, գործիչ քահանաների շատ մեծ կարիք ունենք: Այստեղ գործ ունի անելու նաև Հայ Առաքելական եկեղեցին»,- ասաց «Ակոսի» խմբագիրը:
Ստամբուլում գործող 37 եկեղեցիներն ու 16 վարժարանները ևս հայ ձեռքի կարիք ունեն: Դպրոցները ենթակա են Թուրքիայի կրթական ծրագրին, որպես բացառություն էլ հայ դպրոցներում կարող են հայերեն դասավանդվել, սակայն ողջ խնդիրն այն է, որ դասավանդող չկա. «Այս մասին մենք թերացումներ ունենք, որովհետև այդ նյութերը հայերենով ավանդելու ուսուցիչների պակաս ունենք, ուսուցչի հայերեն չիմանալու պատճառով մենք զրկվում ենք այդ հնարավորությունից»:
Բ. Էսթուքյանը նաև պատմեց, որ հայ կանայք Թուրքիայում ավելի շատ տնային աշխատանքներով են զբաղված, երեխաներ են խնամում, տղամարդիկ` ավելի ազատ են` շինարարությունից միչև արվեստ: Ստամբուլում մոտ 45 հազար հայ է բնակվում, նրանց մեծամասնությունը կանայք են, ովքեր Հայաստանի անկախությունից հետո են եկել Թուրքիա: Ժամանակի ընթացքում նրանք հարմարվել են, այստեղ են տեղափոխել նաև ընտանիքներին և այդպես ապրում են մինչ օրս. «Որ օրը ոստիկանության հետ խնդիր լինի, կարող են դուրս գալ երկրից, նրանք անլեգալ են այստեղ բնակվում, բայց շարունակում են ապրել ու աշխատել»: