07/11/2009 11:26
Արմեն Գրիգորյան. «Հայկական ֆուտբոլին լավ մարզիչ է պետք»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ այսօր հայկական ֆուտբոլի կարևորագույն խնդիրներից մեկը բարձրակարգ մարզչի պակասն է: Ըստ նրա` Հայաստանի ընտրանին պետք է գլխավորի այնպիսի մասնագետ, որն ունակ կլինի ապահովել ֆուտբոլի զարգացումը երկրում:
«Ես հասկանում եմ, որ ֆուտբոլն այսօր բոլորի ուշադրության կենտրոնում է: Բայց լավ ֆուտբոլ ունենալու համար պետք է ունենանք լավ մարզիչ: Մենք այսօր երևի նման մարզիչ չունենք: Ֆուտբոլիստներն էլ պետք է գիտակցեն, որ արդյունքի հասնելու համար պիտի շատ աշխատեն: Մեծ սպորտում հաջողության հասնելու համար ուղղակի անձնազոհություն է պետք: Անհրաժեշտ է մոռանալ բոլոր հաճույքները և տրվել մեծ սպորտին: Ազգային հավաքականի մարզչի ընտրության հարցով շատ ենք զրուցել ֆեդերացիայի նախագահի, մեր ֆուտբոլային կառույցի այլ ներկայացուցիչների հետ: Անշուշտ, բարձրակարգ մարզիչներն այսօր փողոցում չեն: Նրանց պետք է փնտրել, գտնել, այնուհետև` բանակցություններ վարել և ընդհանուր հայտարարի հանգել: Գիտեմ, որ այս ուղղությամբ ֆեդերացիան աշխատանքներ է իրականացնում: Հավանաբար, շուտով ֆուտբոլային գերատեսչությունը հստակություն կմտցնի այս հարցում»,- համոզված է Արմեն Գրիգորյանը: