09/11/2009 11:02
Հայաստանն այսօրվանից պետք է մտածի «Եվրո-2016»-ի մասին
Ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվն ավելացնելու մասին: Եթե մինչև հիմա մայրցամաքի ֆուտբոլային գլխավոր ստուգատեսին մասնակցում են 16 թիմեր, ապա, սկսած 2016 թ.-ից, մասնակիցները թիվը կհասնի 24-ի: Բնականաբար, դա լավ հնարավորություն է Հայաստանի հավաքականի համար, որը կարող է իր առջև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու խնդիր դնել: Բայց դրա համար արդեն այսօրվանից անհրաժեշտ է մտածել «Եվրո-2016»-ի ընտրական փուլում մարտունակ թիմ ունենալու մասին: Դա առաջին հերթին ենթադրում է նպատակային աշխատանք Հայաստանի այսօրվա երիտասարդական և պատանեկան հավաքականների ֆուտբոլիստների հետ:
Aysor.am-ի թղթակցի խնդրանքով մեր թիմի հնարավորությունները գնահատում է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը:
- Ես կարծում եմ, որ Հայաստանի հավաքականի հնարավորությունները, իրոք, վատը չեն: Երիտասարդական թիմում կան լավ կիսապաշտպաններ, ովքեր այդ ժամանակահատվածում արդեն համալրած կլինեն ազգային ընտրանու կազմը: Վստահ եմ, որ մենք գերազանց կիսապաշտպանություն կունենանք: Իսկ այսօր գլխավոր խնդիրը 1-2 լավ պաշտպանների աճեցնելն է: Խոսքն անվանական պաշտպանների մասին է: Պետք է միշտ ձգտենք ճիշտ ընտրություն կատարել, քանի որ Հայաստանը մարդկային նվազ ռեսուրսներ ունի, և կորուստները պարզապես անթույլատրելի են: Նույն մոտեցումը, ի դեպ, կիրառվում է նաև Դանիայում, որի բնակչության թիվը նույնպես փոքր է` ընդամենը 5 մլն: Քանի որ Հայաստանի ազգային թիմի պաշտպանությունում ներկա պահին երիտասարդներ են խաղում, կարելի է հուսալ, որ «Եվրո-2016»-ի ընտրական շրջանում նրանք արդեն հասուն և փորձառու ֆուտբոլիստներ կլինեն: Եթե 1-2 հոգի էլ երիտասարդականից տեղափոխվեն երկրի գլխավոր թիմ, կունենանք նաև պահեստայինների լավ նստարան, ինչը հնարավորություն կտա մտածել լուրջ խնդիրների լուծման մասին: