09/11/2009 10:08
Երիտասարդական ընտրանին հավաքը կսկսի նոյեմբերի 10-ին
Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 14-ին և 17-ին Էստոնիայի և Իռլանդիայի թիմերի հետ կայանալիք հանդիպումներին կնախապատրաստվի նոյեմբերի 10-ից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը մեկնաբանել է, թե այս անգամ հավաքն ինչու է ուշ սկսում:
«Ինչպես գիտեք, նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք հանդիպումներով եզրագիծը կհատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, և ես ուզում եմ, որ ֆուտբոլիստները հանգստանալու հնարավորություն ունենան»,- հայտարարեց Սերիցլևը:
Գնահատելով ֆուտբոլիստների մարզավիճակը` գլխավոր մարզիչն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, բոլորն էլ լավ մարզավիճակում են: Խնդիրներ ունեն միայն երկու խաղացողներ, ովքեր կամ վնասվածք ունեն, կամ նոր են ապաքինվել:
«Գևորգ Ղազարյանը նոր է վերականգնվել վնասվածքից և ընդամենը երկու հանդիպում է անցկացրել: Բնականաբար, նա չի կարող լավ մարզավիճակում լինել: Դավիթ Մանոյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, սակայն հույս ունեմ, որ կհասցնի ապաքինվել և երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել առաջիկա պաշտոնական խաղերին: Եթե նույնիսկ չկարողանա խաղադաշտ մտնել մեկնարկային կազմում, գոնե հնարավորություն կունենանք նրան փոխարինման մտցնել: Շատ ափսոս, որ լավ մարզավիճակում չէ Միհրան Մանասյանը: Շատ ափսոս, որովհետև նա գոլ խփելու բնազդ ունի: Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանից առաջ լիարժեք կապաքինվի և կկարողանա հենց մեկնարկից մասնակցել Հայաստանի առաջնության հանդիպումներին: Մենք չկարողացանք օգտվել նաև «Բանանցի» ֆուտբոլիստ Սարգիս Կարապետյանի ծառայություններից, քանի որ վնասվածքի պատճառով այս մրցաշրջանը նրա համար չափազանց ծանր ստացվեց: Հավատում եմ, որ և Սարգիսը, և Միհրանը կհասցնեն վերականգնվել և մասնակցել իրենց ակումբների` «Բանանցի» և «Փյունիկի» միջմրցաշրջանային նախապատրաստական հավաքներին»,- նշեց դանիացի մասնագետը: