09/11/2009 14:04
«Սպասենք ձյան». Ջերմուկում արդեն պատրաստ է երկորդ սահուղին
«Սպասենք ձյան, որովհետև ունենք արդեն ձևավորված ենթակառուցվածքներ, ինչը վերջնական և ավարտուն չենք համարում. անելիքներ շատ ունենք Հայաստանում ձմեռային զբոսաշրջության զարգացման համար: Այնուամենայնիվ, 2 ձմեռային զբոսաշրջավայր ունենք, որոնք ՀՀ կառավարության կողմից արդեն հայտարարվել են զբոսաշրջային կենտրոներ` Ծաղկաձորը և Ջերմուկը: Բացի դրանից, Հայաստանի հյուսիսիում` Գյումրիում զարգանում է նաև դահուկային սպորտաձև ձևավորող զբոսաշրջային ուղղություն, որի հանդեպ կամաց-կամաց հետաքրքրությունը մեծանում է»,- այսօր ասուլիսում, խոսելով ձմեռային զբոսաշրջության մեկնարկի մասին, ասաց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա փաստեց, որ Ջերմուկում վերջին տարիներին ձյան սակավություն է զգացվում, բայց նշեց, որ պատրաստ են ընդունելու ձմեռային զբոսաշրջիկներ: Ջերմուկում արդեն պատրաստ է երկորդ սահուղին: «Կանաչաստան» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվելու է ձմեռային փառատոն, որը նախորդ տարվա համեմատ ավելի ընդգրկուն կլինի, և միջոցառումներն ավելի շատ կլինեն:
Անդրադառնալով զբոսաշրջային այցելություններին, Մ. Ապրեսյանը նշեց, որ ձմեռային սեզոնին դրանք ավելացել են, իսկ այս տարի, կապված ճգնաժամի հետ, ընդհանուր զբոսաշրջությունը 5.8 % աճ է արձանագրել, սակայն նախորդ տարիների համեմատ (շուրջ 20-25% աճ տարեկան) աճի տեմպը զգալիորեն նվազել է: 2009 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 422807 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 399691 զբոսաշրջիկի համեմատ: Նա նաև շեշտեց, որ ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունները 3 %-ով նվազել են, իսկ Եվրոպայում այդ ցուցանիշը կազմել է շուրջ 10 %, զբոսաշրջության զգալի աճ կա աֆրիկյան երկրներում:
Մ. Ապրեսյանի խոսքով, արտագնա տուրիզմում 1.2 % աճ է գրանցվել, սակայն ընդհանուր առմամբ դա մեծ թիվ չէ` 399650:
Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը զբոսաշրջության զարգացման տեսակետից Մ. Ապրեսյանը դրական գնահատեց, քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի կազմել տարածաշրջանային փաթեթներ, և մեր երկիր այցելուների թիվը կավելանա:
Նա հավելեց, որ Հայաստան գալիս են հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, ԱՊՀ այլ երկրներից, ԱՄՆ-ից, Իրանից և այլն: Զբոսաշրջիկների 60 %-ը սփյուռքահայեր են:
«Այլազգի զբոսաշրջիկների մոտ հետաքրքրությունը Հայաստանի հադեպ մեծացել է Սկանդինավյան, Լատինաամերիկյան երկրներից, 2 խմբեր են եղել Թուրքիայից», - ասաց Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետը: