09/11/2009 14:19
Հայաստանում կա՞ն մատչելի հանգստյան տներ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր ասուլիսում գնային քաղաքականության հարցը կրկին ուղղեց մասնավոր հատվածին` հյուրանոցային համալիրներին, հանգստյան տներին, որոնք կազմակերպում են հանգիստը, որպեսզի հաշվի առնեն թե հասարակության կարծիքը, թե վիճակագրական տվյալները և միտումները:
Մ. Ապրեսյանի կարծիքով, գնային քաղաքականության վերանայման արդյունքում մեր տեղացի զբոսաշրջիկների մի զգալի հատվածը կգերադասի տեղական հանգստավայրերը:
«Պետությունը պետք է առաջարկի ավելացման ուղղությամբ ձևավորի պայմաններ և անուղղակի միջոցներով ազդի գնային քաղաքականության վրա: Այդ առումով եղել են բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ` ավելի մրցունակ ու գների առումով մատչելի փաթեթներ մշակելու համար», - ասաց Մ. Ապրեսյանը:
Սակայն, ըստ նրա, խնդիրը ոչ միայն գները բարձր լինելու մեջ է, այլև` մատչելի գներով շատ ծառայությունների մասին բնակչության տեղեկացված չլինելու: Դրա պատճառը Մ. Ապրեսյանի մեկնաբանմամբ, հյուրանոցային տնտեսության օբյեկտ-զբոսաշրջային օպերատոր համագործակցության խնդիրն է:
«Կան, որ մատչելի գներ են առաջարկում, բայց կիսադատարկ են լինում, որովհետև իրենց մասին տեղեկացված չէ բնակչությունը», - հավաստեց Մ. Ապրեսյանը: