09/11/2009 14:54
Սահմանվել է մուտքի արտոնագիր ստանալու գրավիչ դրույքաչափ
Պետական տուրքի դրույքաչափերը 2009 թ. հունիսի 6-ից, բացի 120 օր տևողությամբ և 15 հզ. դրամ պետական տուրքի դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագրից, սահմանվել է նաև 21 օր տևողությամբ և 3000 դրամ պետական տուրքի դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագիր:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, սա էապես կարող է նպաստել Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը ոչ միայն գումարային առումով, այլև, զբոսաշրջային օպերատորների հավաստմամբ և պնդմամբ, դա դրականորեն է ազդում զբոսաշրջային փաթեթի մրցունակ գին ձևավորելու վրա:
«Բացի այդ ֆինանսական ցուցանիշից, կա հետևյալ խնդիրը. երբ զբոսաշրջիկը իր հանգիստը կազմակերպելուց առաջ ուսումնասիրում է տարբեր երկրների առաջարկները, բնական է, նայում է նաև ինչ վիզային քաղաքականություն կա և մուտքի վիզան ինչ արժի: Դրանից նաև դատողություն է անում երկրում գործող գների վերաբերյալ: Այսինքն բարձր դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագիրը նրա մոտ ասոցիացվում է տվյալ երկրում ծառայությունների և ապրանքների բարձր գների հետ»,- պարզաբանեց Մ. Ապրեսյանը:
Նրա կարծիքով, այս` 3000 դրամ պետական տուրքի դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագիրն ինչ-որ չափով նաև այդ խնդիրն է լուծում: